Հայ օգնության միության կենտրոնական վարչությունը խիստ դատապարտել է Հալեպի և հատկապես հայաբնակ Նոր Գյուղ թաղամասի օրեցօր սաստկացող ու անմարդկային չափերի հասած ահաբեկող ռմբակոծությունները: Քեսաբի հայաթափմանը հաջորդած այդ ակնհայտ հակահայ գործողությունների հետևանքով արձանագրվել են մարդկային զոհեր, քանդվել կամ լուրջ վնասներ են կրել Նոր Գյուղի հայկական կառույցները՝ վարժարանները, Առաքելական և Կաթողիկե եկեղեցիները, գործատեղիներ և բնակարաններ: Մեծ թվով ընտանիքներ դարձել են անտուն: Կրկին անգամ վնասվել է Սիրիայի Օգնության Խաչի ազգային պատսպարանի շենքը ու նաև' բնակչության առողջապահական ծառայություն մատուցող ՍՕԽ-ի միակ բժշկական կենտրոնը:

 

Հայ օգնության միությունը թիկունք է կանգնում մեր աղետյալ հայրենակիցներին՝ ակնկալելով համայն հայության աջակցությունը՝ ներառյալ հայրենի և սփյուռքի քաղաքական և դիվանագիտական մեր բոլոր ուժերը:

 

Միությունը ՄԱԿ-ին, միջազգային քաղաքական, նաև ոչ կառավարական մարդասիրական գործունեություն ծավալող բոլոր կողմերին կոչ է արել անմիջապես քայլեր ձեռնարկել՝ վերջ դնելու թրքական մտահղացմամբ ու թելադրանքով կատարված հակահայ ու անմարդկային հարձակումներին: