Ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության ականատեսները սկսել են ցուցմունք տալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ռուսական ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հաղորդում է Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն: «Հարցաքննվել են կատարվածի ականատեսներն ու վկաները' բացառությամբ Նեմցովի ուղեկցորդուհու: Այն, որ հանցագործությունը մանրամասնորեն նախապատրաստվել էր, որևէ կասկած չի հարուցում, ինչպես նաև սպանության վայրի ընտրության հարցը»,- ասվում է կոմիտեի տարածած հաղորդագրությունում:
Ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովը փետրվարի 27-ի գիշերը սպանվել է Մոսկվայի կենտրոնում: Ըստ նախնական տվյալների' նրա ուղղությամբ արձակվել է ոչ պակաս քան 7-8 կրակոց, որոնցից չորսը դիպել են թիկունքին, նա տեղում մահացել է:
ՌԴ Ներքին գործերի նախարարության ներկայացուցչի տեղեկացմամբ' քաղաքական գործչին կրակել են սպիտակ ավտոմեքենայից, որի մակնիշն արդեն հայտնի է: Նեմցովը զբոսնելիս է եղել Ուկրաինայից ժամանած իր ծանոթի հետ, երբ պատահել է դեպքը:
Ռուսական լրատվամիջոցի հաղորդմամբ' ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեղեկացել է դեպքի մասին ու հայտնել իր խորը ցավակցությունները: «Պուտինը նշել է, որ այդ դաժան սպանությունը պատվիրված լինելու բոլոր հատկանիշներն ունի ու կրում է պրովոկացիոն բնույթ»,-ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: