Հաագայի Գլոբալ արդարադատության ինստիտուտում մարտի 6-ից 7-ը տեղի է ունեցել «Հայոց ցեղասպանության ժառանգությունը 100 տարի անց» խորագրով խորհրդաժողովը, որը կազմակերպել էր Նիդերլանդների «ՆԻՈԴ» պատերազմի, Հոլոքոստի ու ցեղասպանության ուսումնասիրությունների ինստիտուտը, Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտն ու «Հարյուրամյակի նախագիծ» հիմնադրա մը: Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին ՀՀ ԱԳՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, խորհրդաժողովը մեկնարկել է մարտի 5-ին Հաագայի «Մարդկության տուն» թանգարանում կայացած քննարկումով, որի ժամանակ ցուցադրվել է «Տատիկիս դաջվածքները» ֆիլմը: Ելույթով հանդես են եկել դոկտոր Ռոնալդ Սյունին եւ դոկտոր Ուգյուր Ումուտ Ունգյորը:
Մարտի 6-7-ի խորհրդաժողովի ընթացքում ելույթ են ունեցել հայտնի գիտնականներ ու ուսումնասիրողներ, ովքեր տարբեր դիտակետերից քննարկել են Հայոց ցեղասպանության հետևանքներն ու այն դասերը, որոնք պետք է քաղել ցեղասպանությունների կանխարգելման նպատակով: Իրավունքի և քաղաքականության հարցերին անդրադարձել է բանախոս, հայտնի իրավաբան Ջեֆրի Ռոբերտսոնը, միջազգային դատարանների կողմից ցեղասպանությունների հարցի հետ կապված հարցերը ներկայացրել է Ջորջ Վաշինգտոնի համալսարանի ասոցացված դեկան Սյուզն Կարամանյանը, Ճանաչման ու փոխհատուցումների ուսումնասիրությամբ հանդես են եկել Նոլվեն Գիբերտն ու Սուն Կիմը' Հարավսլավիայի միջազգային տրիբունալից, Հայոց ցեղասպանության ընթացքում հայ կանանց հանդեպ սեռական բռնությունների անպատժելիության ու դրա հետևանքների հարցերն էլ դիտարկել է Նայվա Նաբթին' Արիզոնայի համալսարանից: Դատական համակարգերի ձախողման հարցերն էլ արծարծել է Հարավսլավիայի միջազգային տրիբունալի իրավաբան, «Հարյուրամյակի նախագիծ» հիմնադրամի նախագահ Ալեքսիս Դեմիրճյանը:
Հայոց ցեղասպանության մշակութային դրսևորումներին, թուրքական մամուլում և թուրք հասարակության շրջանում Հայոց ցեղասպանության արծարծման պատմությանն ու ներկա վիճակին, քաղաքական ու հանրային շրջանակներում իրական պատկերին ու միտումներին անդրադարձել են Ամստերդամի համալսարանի պրոֆեսոր, դոկտոր Էնթընի Հոլսլախը, «Ակոս» օրաթերթի խմբագիր Ֆերդա Բալանսարը, Ստամբուլի «Բիլգի» համալսարանից Էսրա Էլմասը և Այդա Էրբալը' Նյու Յորքի համալսարանից: Ֆիլմարտադրության մեջ Հայոց ցեղասպանության արտացոլումները քննարկել են Հարավային մեթոդիստների համալսարանից դոկտոր Լիզա Սիրագանյանը և դոկտոր Մարի-Օդ Բարոնյանը' Ամստերդամի համալսարանից:
Մարտի 7-ին դիտավորությունների և ժխտման խնդիրների քննարկումով հանդես են եկել Ֆլորիդայի համալսարանի պրոֆեսոր Հանիբալ Թրեվիսը, Մասաչուսեթսի Լոուվելի համալսարանի պրոֆեսոր Լևոն Չորբաջյանը և դոկտոր Սեյհան Բայրակտարը' Ցյուրիխի համալսարանից: Հայոց ցեղասպանության դերը 20-րդ դարի ռազմականացման հարցում քննարկել է դոկտոր Ուգյուր Ումուտ Ունգյորը' Ուտրեխտի համալսարանից: Հայոց ցեղասպանության համատեքստում ժողովրդագրական ու վիճակագրական ուսումնասիրությունների խնդիրներին անդրադարձել է դոկտոր Յակուբ Բիյակը' Հարավսլավիայի միջազգային տրիբունայից: Ցեղասպանության ուսուցման մեթոդոլոգիան ներկայացրել է Ջոյս Սահյունին' Քվեբեկի «Դյուրոքեր» քոլեջից, իսկ հայ գրականության մեջ արծարծումները քննարկել է դոկտոր Բարլո Տեր-Մկրտիչյանը' Ֆրեզնոյի պետական համալսարանից:
Մշակութային ժառանգության ու ժխտողականության հարցերը դիտարկել են դոկտոր Նանոր Կեբրանյանը' Կոլումբիայի համալսարանից, և դոկտոր Յուջին Սենսենիգ-Դաբուսը' Նոտր Դամի համալսարանից: