Բեռլինում տեղի ունեցավ Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչը: Գավաթի համար պայքարեցին Դորտմունդի «Բորուսիան» և «Վոլֆսբուրգը»:
Յուրգեն Կլոպը դորտմունդյան թիմի գլխավոր մարզչի պաշտոնում վերջին հանդիպումն ավարտեց պարտությամբ: «Վոլֆսբուրգը» առավելության հասավ 3:1 հաշվով:
Մեկնարկից 5 րոպե անց Կագավայի փոխանցումն արդյունավետ եզրափակեց Պիեր Էմերիկ Օբամեյանգը, ում գոլը միակն էր դորտմուդյան թիմի կազմում:
«Վոլֆսբուրգի» ֆուտբոլիստները 16 րոպեում կարողացան երեք անգամ գրավել դորտմունդյան թիմի դարպասը: 22-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Լուիս Գուստավոն, 33-րդ րոպեին աչքի ընկավ Քևին Դե Բրույնեն, իսկ 38-րդ րոպեին Բաս Դոստը հաշիվը դարձրեց 3:1:
Արդյունքում՝ Կլոպի թիմը մրցաշրջանում տիտղոս նվաճելու հնարավորությունը բաց թողեց:
Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» մեկնարկային կազմում էր և մասնակցեց ողջ հանդիպմանը: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը հանդիպման 61-րդ րոպեին դեղին քարտի արժանացավ: