Ֆրանսիայում շարունակվում է Եվրոպայի առաջնությունը: Խմբային փուլի երկրորդ տուրում D խմբում ընդգրկված Իսպանիայի և Թուրքիայի հավաքականները «Ալյանց Ռիվերա» մարզադաշտում ուժերը չափեցին միմյանց հետ:

Մրցաշարի գործող չեմպիոնները թուրքերի նկատմամբ առավելության հասան 3:0 հաշվով:

Ալվարո Մորատան Նոլիտոյի փոխանցումից հետո 34-րդ րոպեին բացեց հաշիվը, իսկ երեք րոպե անց Նոլիտոն` ինքը արդյունավետ հարված կատարեց: 48-րդ րոպեին Մորատան իր երկրորդ գնդակն ուղարկեց Վոլքան Բաբաջանի պաշտպանած դարպասը:

Սա Դել Բոսկեի թիմի երկրորդ հաղթանակն էր խմբային փուլում, ինչը «Կարմիր Ֆուրիային» փլեյ-օֆֆի ուղեգիր ապահովեց: