Հայտնաբերվել է Կատմանդուում վայրէջքի ժամանակ աղետի ենթարկված օդանավի ինքնագրիչը: Ինչպես մարտի 13-ին հայտնել է Reuters գործակալությունը, աղետի հետեւանքով զոհվել է առնվազն 49 մարդ:

 
 

 

«Ինքնաթիռի ինքնագրիչը վերականգնված է, մենք պահպանել ենք դրա ամբողջականությունը »,-ասել է օդանավակայանի պետ Ռաջկումար Չխեթրին, հավելելով, որ սկսվել է ողբերգության պատճառների հետաքննությունը: Bombardier ինքնաթիռների կանադական արտադրողի ներկայացուցիչների խոսքով՝ ընկերությունը նույնպես պատահարի վայր է ուղարկել իր քննիչներին:

 

 

Bombardier Dash Q-400 ինքնաթիռը, որը կատարում էր Դաքա-Կատմանդու չվերթը, մարտի 12-ին դուրս է եկել թռիչքավայրէջքային գոտուց եւ մխրճվել օդանավակայանի հարեւանությամբ գտնվող ֆուտբոլային դաշտ, ինչից հետո բռնկվել է: The Kathmandu Post թերթի տվյալներով՝ ինքնաթիռում եղել են 71 ուղեւոր եւ անձնակազմի չորս անդամներ: Օդանավակայանի վարչակազմը գտնում է, որ միջադեպի պատճառը դարձել են օդանավի տեխնիկական անսարքությունները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: