ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության կազմում Նյու Յորքում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հուլիսի 16-ին Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանում մասնակցեց «Աղետների ռիսկի նվազեցման ոլորտում ներդրումները՝ որպես կայացած հասարակության ձևավորման միջոց» խորագրով բարձր մակարդակի քննարկմանը, որի համակազմակերպիչներն էին Հայաստանը, Կոլումբիան, Մոնղոլիան, Շվեյցարիան և ՄԱԿ-ի աղետների ռիսկերի նվազեցման գրասենյակը: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:
Ելույթ ունենալով քննարկմանը՝ ԱԳՆ ղեկավարը, մասնավորապես, ներկայացրեց Կայուն զարգացման օրակարգի և Աղետների ռիսկերի նվազեցման ՄԱԿ-ի համաշխարհային Սենդայի համաժողովի հռչակագրում ամրագրված առաջնահերթությունների շուրջ Հայաստանի տեսլականն ու այդ ուղղությամբ իրականացված քայլերը: Նախարարը նշեց, որ Հայաստանը մեծապես արժևորում է ՄԱԿ-ի կողմից ստեղծված այս միջազգային հարթակը, որը հնարավորություն է ընձեռում միմյանց փոխանցելու աղետների ռիսկի նվազեցման ոլորտում երկրների ունեցած փորձառությունն ու լավագույն հմտությունները: «Մեր տարածաշրջանն ունի և՛ բնական աղետների ողբերգական փորձ, և՛ դրանց հետևանքները հաղթահարելու ուղղությամբ գլոբալ և տարածաշրջանային համագործակցության օրինակներ: Մեր երկիրը 30 տարի առաջ ենթարկվեց ավերիչ երկրաշարժի: Ելնելով տարածաշրջանային փորձից՝ գիտենք, որ աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված քայլերը կարող են, նաև պետք է հանդիսանան վստահության ամրապնդման գործիք' ժողովուրդների և հասարակությունների միջև պատշաճ համագործակցությանը նպաստելու համար»:
Անդրադառնալով հունիսի 26-27-ը Երևանում կայացած Աղետների ռիսկի նվազեցման Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի տարածաշրջանային երկրորդ պլատֆորմին և ընդունված Երևանյան հռչակագրին՝ Հայաստանի արտգործնախարարը նշեց. «Հռչակագրի կարևորագույն ուղերձներից մեկը տարածաշրջանային համագործակցության շեշտադրումն է՝ ուղղված աղետներին դիմակայելու կարողությունների ամրապնդմանը, մասնավորապես, տվյալների փոխանակման, հմտությունների ընդլայնման և փորձագիտական գիտելիքների փոխանակման միջոցով: Ավելին, աղետները սահմաններ չեն ճանաչում, հետևաբար, դրանց արդյունավետ հակազդելու համար անհրաժեշտ է անդրսահմանային իրական համագործակցություն ծավալել»։
Նախարար Մնացականյանը մասնակիցներին հայտնեց նաև, որ 2017թ. ապրիլին Հայաստանի կառավարությունը հասատատել է Աղետների ռիսկի կառավարման (ԱՌԿ) ազգային նոր ռազմավարություն՝ հիմնված ԱՌԿ կարողությունների գնահատման արդյունքների, Կայուն զարգացման նպատակների և Սենդայի հռչակագրի գերակա ուղղությունների վրա՝ ուրվագծելով աղետների ռիսակայնության նվազման և դիմակայելու կարողության ամրապնդման հիմնական հրամայականները: «Փաստաթղթում ամրագրված հիմնարար սկզբունքներից մեկը մարդակենտրոն մոտեցումն է. այն միտված է ավելացնելու համայնքների դերը աղետների ռիկսի նվազեցմանն ուղղված գործողություններում»։
Ամփոփելով խոսքը՝ Զոհրաբ Մնացականյանն ասաց. «Ցանկանում եմ վերահաստատել միջազգային և տարածաշրջանային համագործակցության կարևորությունն աղետների ռիսկի արդյունավետ նվազեցման գործում: Ես նաև կընդգծեի տարածաշրջանային հարթակների կարևորությունը՝ որպես կենսունակ մեխանիզմի, որը ներգրավում է բոլոր շահագրգիռ կողմերին, այդ թվում հանրային-մասնավոր գործընկերության միջոցով»։
Բանախոսների ելույթներին հաջորդեց մեկնաբանությունների և հարցուպատասխանի հատվածը, որտեղ Հայաստանի ԱԳ նախարարը պատասխանեց միջոցառման մասնակիցների մի շարք հարցերին։