Գալիք տարվա հունվարի 1-ից հայաստանցիները զգալիորեն ավելի շատ հարկ են վճարելու իրենց անշարժ գույքի համար։ Հարկային օրենսգրքում կառավարության այսօր ընդունած փոփոխությունների համաձայն` 2021 թվականի հունվարի 1-ից անշարժ գույքի համար գանձվող հարկը՝ գույքահարկը, այլևս հաշվարկվելու է տվյալ գույքի ոչ թե կադաստրային, այլ շուկայականին մոտարկված արժեքի հիման վրա։ Հայտնի է, որ Հայաստանում անշարժ գույքի կադաստրային արժեքn անգամներով զիջում է շուկայական արժեքին, և ներկայում գույքահարկը հաշվում են՝ հիմք ընդունելով կադաստրային արժեքը։ Սակայն, գալիք տարվա հունվարի 1-ից, եթե, իհարկե, այս փոփոխությունները անցնեն Ազգային ժողովում և ստորագրվեն նախագահի կողմից, հայաստանցիների անշարժ գույքի հարկը հաշվարկելիս այլևս հիմք են ընդունելու դրա շուկայական արժեքը, որը որոշելու է Կադաստրի կոմիտեն։ Հայաստանի նախկին և ներկա պաշտոնյաների ու այլ մեծահարուստների շքեղ առանձնատների ու բնակարանների մասին հարապարակումների պակաս երբեք չի եղել։ Կադաստրային բարձր արժեք ունեցող դղյակներից գրանցված է Զարինե Դանիելյանի անունով, այն արժե 338,5 մլն դրամ, տարեկան գույքահարկի չափը ընդամենը 3 մլն 112 հազար դրամ: Զ․Դանիելյանը Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ և «Գազպրոմ-Արմենիա» ընկերության նախկին տնօրեն Վարդան Հարությունյանի կինն է: Երևանի ամենաթանկ տների տասնյակում է նաև նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի եղբոր՝ Վլադիմիր Կարապետյանի անունով գրանցված առանձնատունը՝ 330 մլն դրամ կադաստրային արժեքով և 3 մլն դրամ գույքահարկով:  Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Ազգային ժողովի շենքի նմանությամբ կառուցված տունը, թվում է, այս ցանկում ամենաշքեղն է, բայց պարզվում է՝ ոչ, ընդամենը՝ 310 մլն դրամ արժեքով և 2,8 մլն դրամ գույքահարկով: Ամենաթանկ առանձնատների ցանկում  է Հաղթանակ զբոսայգու հարևանությամբ գտնվող Սամվել Կարապետյանի առանձնատունը, որը գրանցված է Կարինե Կարապետյանի անունով։ Այս դղյակի կադաստրային արժեքը ընդամենը 280 մլն դրամ է, գույքահարկը՝ 2,5 մլն դրամ: Չմոռանանք նաև Սամվել Ալեքսանյանի դղյակը, ով իր շքեղ առանձնատան համար վճարում է ընդամենը 38 հազար դրամ գույքահարկ: 

 
 


Հասկանալի է, որ օլիգարխների համար մի քանի միլիոն ավել գույքահարկ վճարելը դժվար թե գերխնդիր դառնա, մոտավոր հաշվարկներով նրանք սիմվոլիկ հարկի փոխարեն տարեկան վճարելու են 15 -27 միլիոն դրամ, մինչդեռ շարքային հպարտ քաղաքացիների համար՝ հավելյալ մի քանի հազարն այսօր ստեղծված սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում դժվարին խնդիր է դառնալու:

Չհաշված հետևյալ ռիսկերը, ենթադրենք՝ Սամվել Ալեքսանյանը կամ մեկ այլ օլիգարխ, ով մինչ օրս չէր վճարում գույքահարկ, վերադառնում է օրինական դաշտ: Բնական է որ իր վնասները փոխհատուցելու նպատակով նա թանկացնելու է ներմուծվող և վաճառվող ապրանքների գները, այն պարզ պատճառով, որ հեղափոխությունից հետո մոնոպոլիաները այդպես էլ չվերացան և նույն Սամվել Ալեքսանյանը կարող է թանկացնել Երևան Սիթիում ապրանքների գները, այնուհետև հետևել վարչապետին և մի փոքր ձևափոխելով վերջինիս խոսքերը՝ հայտարարել՝ ուզում եք գնեք, չեք ուզում՝ մի գնեք: Եվ քանի որ Սամվել Ալեքսանյանը ունի նաև առաջին անհրաժեշտության ապրանքների ներկրման մոնոպոլիա, քաղաքացիների ընտրության հնարավորությունը, մեղմ ասած, փոքր է լինելու…