Նոր Հայաստանի պետական պաշտոնյաները շարունակում են ներկայացնել իրենց աշխատանքի կատարողականները և հպարտանալ ձեռքբերումներով: Իհարկե, այդ ամենը կլիներ տրամաբանական, եթե չլիներ մեկ բայց. որպես կանոն, թավշյա պաշտոնյաների ձեռքբերումների առյուծի բաժինը, անգամ մեծագույն ցանկության դեպքում, հնարավոր չէ վերագրել իրենց: Դիցուք՝ այսօր կանդրադառնանք Լոռու գործող մարզպետ Անդրեյ Ղուկասյանին և նրա նախորդին՝ ՀՀԿ-ական Արթուր Նալբանդյանին: 

Դեռևս 2017-ից ընթացքի մեջ էին Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի առաջին փուլով նախատեսված հիմնանորոգման աշխատանքները, որոնց պայմանագրային ընդհանուր արժեքը կազմում է 15.45 մլրդ դրամ: Մ-6 միջպետական նշանակության ճանապարհի հիմնանորոգման և Վանաձոր համայնքի փողոցների վերանորոգման արդյունքում Վանաձոր քաղաքում ամբողջովին բարելավվել է Մ-6 և Մ-8 միջպետական նշանակության ճանապարհները կապող փողոցների վիճակը: Այսօր դրանով հպարտանում է գործող մարզպետը: 

Վանաձորում գործող կարկտապաշտպան ցանցերի գործարանը կառուցվել է դեռևս նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանի ղեկավարման շրջանում, սակայն փիառվում են դրա ֆոնին գործող մարզպետն ու իր թիմը: 

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի նպատակն է Արամյանցի դղյակը և հարակից տարածը վերածելու զբոսաշրջային հանգրվանի: Միևնույն ժամանակ չմոռանանք, որ դեռևս կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 15-ի որոշմամբ դղյակը ընդգրկվել է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում և ստացել պատմամշակութային հուշարձանի կարգավիճակ: 2017-ին էլ պայմանավորվածություն էր ձեռք բերվել Տաշիր բարեգործական հիմնադրամի ղեկավար Վահե Կարապետյանի հետ՝ Արամյանցի տունը վերանորոգելու շուրջ: 

Անդրեյ Ղուկասյանը վերջերս էլ այցելել էր Ինժեներական համաժողով-ցուցահանդեսըՎանաձորի տեխնոլոգիական կենտրոնում` նշելով, որ Հայաստանը դառնում է ինժեներական ամենաբարդ հարցերի լուծումներն առաջարկող կենտրոն: Միևնույն ժամանակ նշենք, որ այդ կենտրոնի բացումը տեղի է ունեցել դեռևս նախորդ մարզպետի ղեկավարման տարիներին: 

Նախորդ իշխանությունների օրոք էլ որոշում էր կայացվել առ այն, որ Լոռու մարզում կկառուցվի տարածաշրջանում ամենամեծ ճոպանուղին, այսօր, սակայն, դրա հավանական հեռանկարային գրավչությամբ պարծենում են գործող իշխանությունները: 

Լոռու մարզի Ջրաշեն համայնքում բնակարաններ բաժանող վարչապետն ու մարզպետը նաև պետք է հիշեն, որ Ջրաշենում բնակարանները կառուցվել են կառավարության 2018 թվականի աղետի գոտու բնարականաշինության ծրագրի շրջանակում: 

Լոռու մարզում 2018թ.-ին «Արդյունաբերություն, մասնավոր հատված» ոլորտում նախատեսվում էր 44 մլրդ դրամի ներդրումային ծրագրեր, որից հանքարդյունաբերությունում՝ 7.95 մլրդ դրամ, իրանական «Ռադ Սանե Վաշամիր գրուպ» ՍՊԸ գազաբալոնների և կարբոնի գործարանի հիմնադրման նպատակով՝ 32.5 մլրդ դրամ, զբոսաշրջության ոլորտում՝ 3.2 մլրդ դրամ արժողությամբ։ Այսօր Անդրեյ Ղուկասյանը այցելում է իրանական «Ռադ Սանե Վաշամիր գրուպ»-ի գործարան՝ ծանոթանալու վերջինիս աշխատանքներին, սակայն ոչ ներդրումների ներգրավման, ոչ կառուցման հետ գործող մարզպետը որևէ առնչություն չունի: 

Վանաձորի բժշկական համալիր կենտրոնը, որի բացմանը ներկա էր մարզպետը, նույնպես կառուցվել է Արթուր Նալբանդյանի ղեկավարման տարիներին: