www.tert.am Ամերիկյան Սենատը հետաձգել է Սիրիայի դեմ ռազմական գործողությունների վերաբերյալ քվեարկության անցկացումը, գրում է lenta.ru-ն: CNN-ի հաղորդած տեղեկություններով՝ այդ մասին հայտարարել է Կոնգրեսի վերին պալատում դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Հարի Ռիդը:

 

Նախատեսվում էր, որ սիրիական հարցով քվեարկությունը կկայանա սեպտեմբերի 11-ին, սակայն Ռիդը շտապողականությունից խուսափելու ցանկություն է հայտնել, որպեսզի Բարաք Օբաման հասցնի իր դիրքորոշումը բացատրել սենատորներին:

 

Ռիդի հայտարարությունը հնչել է երկուշաբթի օրը, երբ հայտնի է դարձել Մոսկվայի նախաձեռնության մասին, որն առաջարկել է Սիրիայի իշխանություններին քիմիական զենքը փոխանցել միջազգային հանրության հսկողությանը, իսկ այնուհետ՝ ոչնչացնել այն: Օբաման Մոսկվայի դիրքորոշման մեջ իրադարձությունների դրական զարգացման հեռանկար է տեսել և մտադրություն է հայտնել աշխատել Մոսկվայի այդ նախաձեռնության ուղղությամբ: