Ոստիկանության քննչական գլխավոր վարչության, Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Կարեն Գրիգորյանի կողմից նախապատրաստված նյութերի ընթացքում ճշտվել է երեկ' հոկտեմբերի 9-ին, Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետեւանքով բոլոր վարորդների և վիրավորների ինքնությունը:

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Range Rover մակնիշի 06 ՍՕ 600 համարանիշի ավտոմեքենան վարել է Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ, 19-ամյա Զոհրաբ Ղազարյանը, ով սովորում է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի 1-ին կուրսում: Վերջինս բախվել է Երևանի բնակիչ, 31-ամյա Գևորգ Կլեկչյանի վարած Lexus Մակնիշի 34 ՍT 995 համարանիշի ավտոմեքենային, Lexus-ն էլ բախվել է Երևանի բնակիչ, 57-ամյա Ռուբիկ Թադևոսյանի վարած ГАЗ 31105 մակնիշի 02 ՍՍ 602 համարանիշի ավտոմեքենային, վերջինս էլ բախվել է Հրազդան քաղաքի բնակիչ, 39-ամյա Կարեն Գալարյանի վարած Mercedes-Benz մակնիշի 19 ՕԼ 872 համարանիշի ավտոմեքենային:

 

Վթարի հետևանքով Mercedes-ի ուղեւորներ՝ 35-ամյա Սուսաննա Չոբանյանը, 5-ամյա Մերի Գալարյանը, ГАЗ 3110-ի վարորդ Ռ. Թադևոսյանը, նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 54-ամյա Աստղիկ Համբարձումյանը եւ Lexus-ի վարորդ Գ. Կլեկչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Ինչպես ավելի վաղ վթարի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, ժամը 20:00-ի սահմաններում, Թբիլիսյան խճուղում՝ Շամպայն Գինիների Գործարանի մոտ բախվել էին Range Rover մակնիշի 06 ՍՕ 600 համարանիշի, Lexus մակնիշի 34 ՍT 995 համարանիշի, ГАЗ 31105 մակնիշի 02 ՍՍ 602 համարանիշի և Mercedes-Benz մակնիշի 19 ՕԼ 872 համարանիշի ավտոմեքենաները:

 

Վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց, որոնց տեղում առաջին օգնություն ցուցաբերել էին քաղաքացիները ու կարճ ժամանակում օպերատիվորեն վթարի վայր ժամանած Երևանի 1-03 շտապ օգնության բրիգադները: Վթարի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ: Մինչ կժամանեին ՃՈ աշխատակիցները, մի քանի երիտասարդներ Range Rover-ի վրայից հանել էին համարանիշները, սակայն հետո ոստիկանների պահանջով, խելոք աշակերտի նման, համարանիշները գլխիկոր հետ տեղադրեցին Range Rover-ի վրա:

 

Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության, ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Կարեն Գրիգորյանը, ում հանձնարարականով մեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք, սակայն Range Rover-ի համար վթարի վայր ժամանած մի քանի երիտասարդներ փորձում էին համոզել ոստիկաններին, թե. «Շոֆերը մեր երեխան ա եղել, ի՞նչ կլինի իրա ավտոն գաի չտանեք» : Սակայն ոստիկանները բոլոր ավտոմեքենաները տեղափոխեցին «գաի պլաշադկա»:

 

Ըստ վթարի վայրում հավաքվածների՝ վթարի մեղավորը եղել է Range Rover-ի վարորդը՝ 19-ամյա Զոհրաբ Ղազարյանը, ով ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ազգային ժողովի պատգամավոր, «Լֆիկ Սամո» մականվամբ Սամվել Ալեքսանյանի ազգականն է, իսկ վթարի վայրում հավաքվածներն ասում էին՝ «քրոջ որդին է», ով, տեսնելով, որ ֆոտոլրագրողը լուսանկարահանում է վթարի վայրը, անհասկանալի հայերենով, ինչ որ հոդաբախշ բառեր էր արտահայտում: Իսկ վթարի վայրում հավաքվածներից մի քանիսն էլ հայտնում էին. «Ռենջը մեծ արագությամբ բարձրանում էր, խփեց Լեքսուսին, Լեքսուսն էլ իր հերթին բախվեց հանդիպակաց երթևեկող Վոլգային, Վոլգայի վարորդն էլ չկարողանալով կառավարել ավտոմեքենան՝ բախվեց Մերսեդեսին»: 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ամբողջական ֆոտոշարքը` այստեղ