Խորհրդարանում մարտի 1-ի հարցով նախորդ հանձնաժողովը բավականին ծանր աշխատանք է կատարել և արդյունավետ գործունեություն է ծավալել: Ազգային ժողովում մարտի 1-ի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու որոշման նախագծի քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: «Այս ամբիոնից հաճախ կարծիքներ են հնչում, թե մարտի 1-ի հարցով նախորդ հանձնաժողովն անարդյունավետ է եղել, ուստի հիմա էլ նպատակահարմար չէ նման հանձնաժողով ստեղծել, սակայն ես այդ կարծիքին չեմ: Հանձնաժողովը շուրջ մեկուկես տարի լարված աշխատել է և հաջողված եզրակացություն է ներկայացրել»,- նշեց նա:
Մինասյանի խոսքով, բոլոր նրանք, ովքեր դրական չեն գնահատում նախորդ հանձնաժողովի աշխատանքը, ուղղակի ծանոթ չեն հանձնաժողովի ներկայացրած եզրակացությանը: «Հակառակ դեպքում, եթե ծանոթ լինեին, կհասկանային, որ ներկայացված նախագծով առաջարկվում է շարունակել նախորդ հանձնաժողովի աշխատանքները»,- նշեց ՀՅԴ պատգամավորը:
Նա դիմեց քաղաքական մեծամասնությանը՝ կոչ անելով կողմ քվեարկել մարտի 1-ի հարցով հանձնաժողով ստեղծելու նախագծին և հնարավորություն տալ ուսումնասիրել սպանությունների բացահայտմանն ուղղված քննչական մարմինների իրականացրած աշխատանքները, բացահայտել թերությունները, եթե կան այդպիսիք: Նրա խոսքով, ելույթների ընթացքում բոլոր հարցերին անդրադարձ եղավ, սակայն ոչ ոք չխոսեց այն մասին, թե ինչ նպատակ է իր առջև դնելու հանձնաժողովը:
Ազգային ժողովը քննարկում է մարտի 1-ի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու որոշման նախագիծը, որը ներկայացրել է ՀԱԿ խմբակցությունը: Հանձնաժողովի նպատակն է լինելու ուսումնասիրել 2008թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տասը անձանց սպանությունների, քաղաքացիական անձանց, ոստիկանության աշխատակիցներին ու զինծառայողներին հրազենային ու այլ մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերով ՀՀ ոստիկանության, Հատուկ քննչական ծառայության, ՀՀ գլխավոր դատախազության ձեռնարկած միջոցառումների ու գործողությունների հիմնավորվածության եւ օրինականության հարցը: