Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մարտի 20-ին հայտարարել է, որ ՌԴ-ի կազմ Ղրիմի և Սևաստոպոլի մտնելու վերաբերյալ պայմանագրերի կատարման իրավաբանական գործընթացը կավարտվի այս շաբաթ: Այս մասին հայտնում է itar-tass-ը:
«Ներկայումս գործնական քայլեր են արվում Ռուսաստանի կազմ Ղրիմի և Սևաստոպոլի մտնելու մասին պայմանագրերի կատարման ուղղությամբ: Իրավաբանական գործընթացը կավարտվի այս շաբաթ»,- ասել է նախարարը:
Նա նաև նշել է, թե Ռուսաստանը պնդելու է, որ այն երկրները, որտեղ ռուսաստանցի հայրենակիցներ են ապրում, հարգեն նրանց իրավունքներն ու ազատությունները: «Նրանց շահերը պաշտպանելու ենք քաղաքական-դիվանագիտական մեթոդներով»,- հավելել է Լավրովը:
Արևմուտքը միջազգային իրավունքին հետևելու փոխարեն փորձում է ապացուցել իր բացառիկությունը, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը՝ ելույթ ունենալով Ռուսաստանի սուբյեկտներում դիվանագիտական գերատեսչության ներկայացուցիչների նիստում: