Հայաստանում նախագահական ընտրություններից առաջ չկողմնորոշված մեծ ընտրազանգված կա: Այդ մասին այսօր՝ հունվարի 9-ին, լրագողներին հայտնել է «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը: 2012-ի դեկտեմբերի սոցհարցման արդյունքով՝ չկողմնորոշվածները 24% են կազմում:

Ըստ սոցիոլոգի' ընտրազանգվածի հենց այդ մասը կդառնա թեկնածուների լուրջ պայքարի թիրախային լսարանը եւ ասպարեզը: «Այնուամենայնիվ, լուրջ պայքարի համար թեկնածուներին պետք է լավ ճանաչեն ոչ միայն Երեւանում, այլեւ մարզերում: Իսկ շատերի մասին չեն էլ լսել, հատկապես' մարզերում: Նայեք թեկնածուների ցուցակը: Հեռավոր գյուղերում ո՞վ է լսել նրանց մասին: Հաջողակ թեկնածուն պետք է գոնե ճանաչված լինի», – ասել է Ադիբեկյանը:

Հիշեցնենք, որ նախագահի թեկնածուների գրանցումը կավարտվի հունվարի 14-ին, իսկ պետության ղեկավարի ընտրությունները նշանակված են փետրվարի 18-ին: