Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի Վճռաբեկ դատարանի հանրապետական դատախազությունը ծանուցում է պատրաստել 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլի Շիշլի թաղամասում հայկական «Ակոս» թերթի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ:
Դրանում անհամաձայնություն է հայտնվում Դինքի սպանության գործով 19 ամբաստանյալների վերաբերյալ Ստամբուլի՝ծանր հանցագործությունները քննած 14-րդ դատարանի կայացրած վճռի հանդեպ, որը վճռել էր, որ Դինքի սպանությունը չի իրականացրել կազմակերպված հանցավոր խումբը: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը կարծում է, որ Դինքի սպանության գործով անցած մեղադրյալներին պետք է դատապարտել որպես կազմակերպված հանցավոր խումբ:
Հիշեցնենք, որ 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլի Շիշլի թաղամասում ազգայնական Օգյուն Սամասթը, որը կրում էր սպիտակ գլխարկ, հրազենային 3 կրակոց էր արձակել Դինքի գլխին և բացականչել՝ գյավուր (անհավատ), ինչը հիմք տվեց ենթադրելու, որ սպանությունն իրականացվել է ազգային հողի վրա: Մարդասպանին պետք է հիշեցնել, որ Ղուրանի համաձայն՝ այն ժողովուրդը, որն ունի Սուրբ գիրք, չի կարող կոչվել գյավուր:
2011 թվականի հուլիսի 25-ին Ստամբուլի 2-րդ անչափահասների ծանր հանցագործությունները քննող դատարանը «ծրագրված սպանություն իրականացնելու համար» (21 տարի և 6 ամիս) և «ապօրինի ճանապարհով զենք կրելու համար» (1 տարի և 4 ամիս և 600 թուրքական լիրա տուգանք) Սամասթին դատապարտել էր 22 տարի և 10 ամիս ազատազրկման։
2012 թվականի հունվարի 17-ին էլ Ստամբուլի՝ ծանր հանցագործությունները քննող 14-րդ դատարանը վճռեց, որ Դինքի սպանությունը «չի հանդիսացել» ահաբեկչական կազմակերպության գործողությունների արդյունք:
Դատարանը Դինքի սպանությունը ծրագրելու համար Յասին Հայալին դատապարտեց ցմահ ազատազրկման, իսկ Էրհան Թունջելին արդարացրեց: Սակայն Թունջելը մեղավոր ճանաչվեց Տրապիզոնում McDonald’s-ի ռեստորանի պայթեցման մեջ և դատապարտվեց 10 տարի և 6 ամիս ազատազրկման: