Մի քանի տասնյակ մարդ է զոհվել, շատերը՝ վիրավորվել, Նիգերիայի Ադամավա հյուսիս-արևելյան նահանգում կատարված ահաբեկչական գործողության հետևանքով:
Նրանք բոլորը Մուբի քաղաքում ֆուտբոլային մրցախաղը դիտելու համար հավաքվել էին սրահում, որտեղ տեղադրված էր մեծ հեռուստաէկրան: Ոստիկանության տվյալներով՝ հզոր պայթուցիկ սարքն այնտեղ թաքցված է եղել վաղօրոք և գործի է դրվել այն բանից հետո, երբ սրահում մեծ թվով երկրպագուներ են հավաքվել:
Առայժմ զոհվածների ստույգ թիվը հայտնի չէ. ողջ գիշերը ոստիկանները, հրշեջներն ու բժիշկները, տեղի բնակիչների թվից նրանց կամավոր օգնականները հավաքում էին շենքի փլատակները: Ծանր վիրավորվածներից շատերը մահացել են դեռ մինչև Մուբիի և մերձակա այլ քաղաքների հիվանդանոցներ տեղափոխվելը:
Մինչ այժմ Նիգերիայում գործող հակակառավարական խմբավորումներից ոչ մեկը չի ստանձնել ահաբեկչական այդ գործողության պատասխանատվությունը: Մինչդեռ ոստիկանությունում ենթադրում են, որ այդ հանցագործությունը «Բոկո հարամ» ծայրահեղական իսլամիստական կազմակերպության ձեռքի գործն է, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: