Lragir.am. Հայաստանում «Դիջիթեք բիզնես ֆորումի» բացմանը, որը Հայաստանում իրականացվում է արդեն վեցերորդ տարին անընդմեջ, մասնակցել եւ բավական հետաքրքրական հայտարարություն է արել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը: Հեֆերնն իր ուրախությունն է հայտնել ՏՏ ոլորտի ֆորումի կապակցությամբ, ասելով, որ արդեն երրորդ տարին մշտապես ուրախությամբ է մասնակցում «Դիջիթեք բիզնես ֆորումին»: Հեֆերնը հայտարարել է, որ ԱՄՆ մեծ դեր ունի Հայաստանում ոլորտի զարգացման գործում, քանի որ ամերիկյան ընկերությունները ակտիվ աշխատում են հայ գործընկերների հետ: Միեւնույն ժամանակ, դեսպան Հեֆերնը բավական հետաքրքրական հայտարարություն է արել ոլորտի հանդեպ կառավարության քաղաքականության մասին:
«Ուզում ենք, որ ՏՏ ոլորտում կառավարությունը հեռու մնա, ցանկանում ենք աշխատել մեր գործընկերների հետ, եւ կառավարությունը չհայտնվի մեր ճանապարհին», ըստ news.am-ի հայտարարել է Ջոն Հեֆերնը «Դիջիթեք բիզնես ֆորումի» բացմանը:
Ըստ ամենայնի, ԱՄՆ դեսպանը հույսը կտրել է Հայաստանի իշխանությունից, որ այդ իշխանությունը կարող է որեւէ լավ բան անել Հայաստանի տնտեսության զարգացման ուղղությամբ: Եվ հիմա ընդամենն ակնկալվում է, որ իշխանությունը գոնե չխանգարի:
Օրինակ, դեսպանը երեւի հոգնեց հարցնելով, թե «ինչ նորություն կա Կարֆուրից»: Իշխանությունն այդ հարցադրումներին այդպես էլ որեւէ կոնկրետ պատասխան չի տվել: Թեեւ, մյուս կողմից, կոնկրետ պատասխան կարելի է համարել այն, որ կան հավաստիացումներ, իսկ Կարֆուրը դեռ չկա, չկա նաեւ մրցակցություն, փոխարենը շարունակում է մանրամեծածախ առեւտրի նորանոր տիրույթներ նվաճել մոնոպոլիստ Սամվել Ալեքսանյանը:
Դրանից հետո իհարկե դեսպանին այլ բան չի մնում, քան «Կարֆուրի» մասին հարցնելու փոխարեն պարզապես կոչ անել իշխանությանը, որ գոնե ՏՏ ոլորտից հեռու մնան եւ չխանգարեն: Իսկ չխանգարելն, ըստ ամենայնի, ունի շատ կոնկրետ իմաստ: Բանն այն է, որ ՏՏ ոլորտը Հայաստանում երեւի թե միակ ոլորտն է, որտեղ խոշոր օլիգարխիան ներկայացված չէ: Թերեւս հենց դա է պատճառը, որ ոլորտում իհարկե ոչ մեծ, բայց զգալի չափով ներգրավվում են արեւմտյան ներդրումներ, այսպես ասած ինտելեկտուալ ներդրումներ: Օլիգարխիայից զերծ լինելն է, որ ՏՏ ոլորտում արձանագրում է կայուն աճ, որակյալ մասնագետների պահանջարկ: Այդ իմաստով, ոլորտն իհարկե բավական հեռու է Հայաստանի համար ցանկալի ռազմավարական մակարդակի լինելուց, բայց տենդենցը դրական է եւ այն պահպանելու համար շատ կարեւոր է, որ չմիջամտի օլիգարխիան: Իսկ Հայաստանում, ինչպես հայտնի է, եւ թերեւս արդեն նաեւ դեսպան Հեֆերնին, իշխանության որեւէ միջամտություն դա օլիգարխիայի միջամտության հոմանիշն է, որովհետեւ բազմաթիվ նախադեպերը ցույց են տվել, որ երբ իշխանությունն ինչ որ բան անում է, ապա դրանից շահում է միայն օլիգարխիան:
Հետեւաբար, ՏՏ ոլորտում դեսպանի համար տրամաբանորեն ցանկալի է, որ իշխանությունը չմիջամտի: Դա արդեն իսկ զգալիորեն բավարար է զարգացման կայուն ընթացքը պահպանելու համար:
Ըստ ամենայնի, ԱՄՆ դեսպանն ակնարկում է, որ եթե կառավարությունն անի իրենից հասանելիքն ու չմիջամտի, ապա մնացածը կանի ինքը: Բանն այն է, որ նա վերջին շրջանում բավական ակտիվորեն ձեռնամուխ է Հայաստան նոր ներդրումներ ներգրավելու գործին: Ընդ որում, խոսքը նաեւ նոր որակի ներդրումների մասին է, որոնք հնարավորություն կտան առավել արդյունավետ միջավայր ստեղծել Հայաստանի հիմնական հարստության՝ մարդկային մտավոր պոտենցիալի դրսեւորման համար:
Նախորդ տարվա դեկտեմբերին դեսպանը վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղեկցում էր ԱՄՆ կատարած այցի ընթացքում, այդ թվում Սիլիկոնային հովտի ձեռնարկություններում: Այդ ընթացքում հայտարարվեցին մի շարք պայմանավորվածությունների մասին, սակայն առայժմ կարծես թե առանձնապես խոշոր մուտքեր դեռեւս չկան: Թեեւ միգուցե պայմանը հենց դա է՝ որ իշխանությունը չխանգարի:
Մինչդեռ ՏՏ ոլորտը Հայաստանում ներկայում էլ ավելի հրատապ եւ գերակա նշանակություն է ստանում էներգետիկայի ոլորտում առկա զարգացումների ֆոնին: Ռուսական գազային մահակի հերթական կիրառումից հետո Հայաստանում սկսել են ավելի ու ավելի հաճախ խոսել այլընտրանքային էներգետիկայի, խնայողական էներգետիկայի զարգացման մասին: Իսկ դա ուղղակի առնչություն ունի ՏՏ ոլորտին, քանի որ պահանջում է ինովացիոն մոտեցումներ:
Այստեղ խնդիրը նաեւ քաղաքական է: Բանն այն է, որ ինովացիոն տնտեսության ծավալների ընդլայնումը կարող է բերել Հայաստանի տնտեսության կառուցվածքի էական փոփոխության, թուլացնելով օլիգարխիկ կապիտալի տեսակարար կշիռն ու հետեւաբար քաղաքական ազդեցությունը: Միեւնույն ժամանակ, էներգետիկ ոլորտում այլընտրանքային ռեսուրսները Հայաստանը դիմադրունակ կդարձնեն ռուսական էներգետիկ մահակի հանդեպ եւ կընդլայնեն ավելի ինքնուրույն քաղաքականության Հայաստանի հնարավորությունները:
Եվ այդ ամենի համար Հայաստանի իշխանությունից այնքան քիչ բան է պահանջվում՝ ընդամենը չխանգարել: Թեեւ Հայաստանի իշխանության բնույթից բխող բնորոշ գծերից մեկն էլ հենց խանգարելն է բոլոր այն տենդենցներին, որոնք կվտանգեն Հայաստանում քրեաօլիգարխիայի հաստատած ստատուս-քվոն: 

ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ