Նիգերիայում տասնյակ մարդիկ են զոհվել երկրի հյուսիս-արեւելքում գտնվող Դալորի գյուղի վրա «Բոկո հարամ» իսլամիստական խմբավորման զինյալների հարձակման հետեւանքով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Ըստ վերջին տվյալների՝ զոհվածների թիվը հասնում է 80-ի: Ականատեսների վկայությամբ՝ իսլամիստները հրկիզում էին բնակելի տները: Նրանք պնդում են, թե լսել են՝ ինչպես էին երեխաները ճչում այրվող տներում:

 

Այլ ականատեսներ, որոնց հաջողվել է փրկվել սպանդից, պատմել են, որ փողոցներում ընկած են այրված դիակներ: Նրանց խոսքով՝ տուժել են գյուղի գրեթե բոլոր տները:

 

Չնայած դրան, վերջին մի քանի ամիսներին Նիգերիայի իշխանություններին հաջողվել է հաջողությունների հասնել իսլամիստների դեմ մղվող պայքարում եւ ազատել մի քանի հարյուր գերյալների: Դեկտեմբերի վերջին Նիգերիայի նախագահ Մոհամադ Բուհարին BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Նիգերիան արդեն տեխնիկապես «հաղթանակ է տարել» «Բոկո հարամ»-ի զինյալների նկատմամբ: