«Ըստ էության, ամեն ինչ պատրաստ է ընտրությունների համար: Այսօր արդեն ԸԸՀ առաքվեցին այն պարագաները, որ պետք է ուղարկվեն տեղամասային ընտրական հանձնաժողովներին, առաքվել են քվեաթերթիկները, և փետրվարի 18-ին, ժամը 8-ին ամեն ինչ պատրաստ կլինի ընտրությունների համար»,- Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Անդրադառնալով նախագահի թեկնածու Արման Մելիքյանի՝ ընտրությանը չմասնակցելուն, Տ. Մուկուչյանն ասել է, որ քվեաթերթիկում ըդգրկված են բոլոր թեկնածուները, որոնք մասնակցում են: Իրավական առումով քվեարկությանը չմասնակցելու իրավունքն ինքնաբացարկն է, որից կարող է անձը օգտվել ընտրություններից 10 օր առաջ:
Տիգրան Մուկուչյանն ասել է, որ քվեաթերթիկի վրա թեկնածուի անվան դիմաց վանդակում նախատեսված V նշանից բացի, ցանկացած այլ գրառում, ոչ հստակ նշում, կլինեն անվավեր:
1988 ընտրական տեղամաս կա, որոնցից 7-ը կտեղակայվեն քրեակատարողական հիմնարկներում:
Մուկուչյանը նշել է, որ եղել են դեպքեր, երբ ԱԺ-ում խմբակցությունների կողմից տեղամասերում նշանակումներ չեն կատարվել, որոնց փոխարեն ԸԸՀ նախագահն է անդամ նշանակել, սակայն նման դեպքերը քիչ էին:
«ԸՕ-ն ամրագրել է պահանջ, որ յուրաքանչյուր թեկնածու կարող է ունենալ ընտրական տեղամասերի եռապատիկի չափով վստահված անձ, սակայն ընտրական տեղամասերում միաժամանակ կարող է ներկա գտնվել յուրաքանչյուր թեկնածուի մեկ վստահված անձ, տեղական մեկ դիտորդ նույն կազմակերպությունից, միջազգային դիտորդներ, ԶԼՄ ներկայացուցիչներ: Նշված անձինք լիակատար ընտրական վերահսկողություն կարող են իրականացնել»,- ասել է ԿԸՀ նախագահը:
Նա հայտնել է, որ ընտրությունները դիտարկելու համար գրանցվել են 620 միջազգային և 6000 տեղական դիտորդներ: Նախորդ ընտրություններում բուռն արձագանք ստացած արագ ցնդող թանաքանյութն այս անգամ 12 ժամ չի ցնդի: «Այս ընթացքում դիմումների ներկայացման առումով, որ վերաբերում էին ընտրական գործընթացին, ունեցել ենք 10 դիմում, որոնցից 6-ը ներկայացվել են այն թեկնածուների կողմից, որոնք ընտրագրավի չմուծման հարցն էին բարձրացնում: Գրանցված թեկնածուների կողմից ստացել ենք 4 դիմում, որոնք քննարկվել են: Դրանցից 2-ը Արման Մելիքյանի կողմից է 2-ը՝ Անդրիաս Ղուկասյանի կողմից: Քննարկել ենք և տեղեկատվություն տրամադրել»,- ասել է Տիգրան Մուկուչյանը՝ հավելելով, որ Արման Մելիքյանի երկրորդ դիմումը խրթին էր և նախորդն էր հիմնականում կրկնում, թեկնածուին էլ հրավիրել են նիստին, քանի որ կային անհասկանալի ձևակերպումներ: Դիմումը մերժվել է, և թեկնածուն չի բողոքարկել: Չի ներկայացրել նաև փաստական որևէ հանգամանք:
Տիգրան Մուկուչյանի խոսքերով՝ բոլոր վայրերից, որտեղ պաստառները փակցվել են օրենսդրական խախտումով, արձագանք են ստացել:
«Ընտրական ամբողջ գործընթացը չի կարող դիտարկվել ականապատված դաշտ, որից մի քայլ աջ ու ձախ՝ հետևանքները անկանխատեսելի են: Կան թեկնածուներ, մեծ քարոզարշավ է, մասնակցում են հարյուր հազարավոր բնակիչներ: Իհարկե, լինում է այս կամ այն թերացումը, բայց երբ խոսում ենք արդյունքի մասին, կարևոր է այս ամբողջի ամբողջական գնահատումը: Այս ընթացքում հաղորդումները, ԶԼՄ-ներում տեղեկությունները վկայում են, որ այս անգամ ընտրական գործընթացում շատ փոքր շեղումներ ունենք»,- ասել է Տիգրան Մուկուչյանը:
Քվեարկության օրը առավոտյան 8-ից կաշխատի ԿԸՀ մամլո սրահը, որտեղ տեղի կունենան տարաբնույթ հանդիպումներ այն մարմինների հետ, որոնք առնչվում են ընտրական գործընթացին: 3 ժամը մեկ կներկայացվի մասնակցության վերաբերալ տեղեկատվություն, նիստերը կլինեն ուղիղ եթերում և անմիջապես ըստ տեղամասերի թվերը կհրապարակվեն ինտերնետում: Քվեարկության ավարտից մեկ ժամ անց կներկայացվի ընդհանուր թիվը: Կեսգիշերից անց կամփոփվի քվեաթերթիկների հաշվարկը՝ ըստ տեղամասերի: