Շարունակելով ներկայացնել հեղափոխական պաշտոնյաների աշխատանքի արդյունավետությունը՝ այսօր կանդրադառնանք Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի գործունեությունը;
Դիցուք՝ նոր էր մարզպետն ստանձնել պաշտոնը, երբ պարզ դարձավ, որ Փաշինյանի հրաժարականը պահանջելու համար աշխատանքից հեռացրել են Վանաձորի թիվ 3 պոլիկլինիկական հիվանդանոցի տնօրեն Արտակ Եդոյանին: Դա դուր չի եկել Խաչատրյանին, ով էլ որոշել է նման հրաման արձակել: Եղոյանն իր հերթին դատի է տվել մարզպետին:
Հաջորդ սկանդալը, որի կիզակետում հասցրել է այս կարճ ժամանակահատվածում հայտնվել մարզպետը, կապված էր Նիկոլ Փաշինյանի մարտիմեկյան երթին անձնուրացաբար մարդ հավաքելու հետ: Այն, որ Լոռու մարզում գործի են դրվել լուրջ վարչական ռեսուրսներ և լծակներ, բազմաթիվ գրառումներ են ապացուցում, սակայն ինքը' մարզպետը, համարում է, որ ընդամենը մարդկանց հորդորել է մասնակցել այդ երթին:
Խաչատրյանի բախտը չի բերել նաև ընտրություններում արձանագրած արդյունքներով: Նախորդ ՏԻՄ ընտրություններում նա պարտվեց Վանաձորում և չկարողացավ ընտրվել համայնքապետի պաշտոնում: Այն ժամանակ էլ շատերի կարծիքով՝ մարզպետի գլխին մութ ամպեր էին կուտակվել: Մամուլը գրել էր, որ Խաչատրյանի՝ վանաձորյան ՏԻՄ ֆիասկոյից հետո նրա պաշտոնը զբաղեցնելու գլխավոր հավակնորդը պատգամավոր Արփի Դավոյանն է: Ինքը' Դավոյանը, հերքել էր, որ պատրաստվում է զբաղեցնել մարզպետի պաշտոնը, սակայն ինչպես ասում են՝ սա Հայաստանն է, և ոչինչ բացառել հնարավոր չէ: Խաչատրյանը չընտրվեց, սակայն վերջինիս ձախողումն էլ ավելի է մոտեցնում Դավոյանին մարզպետի պաշտոնին:
էկոլոգիական խնդիրների լուծման, բնապահպանության մասին հեքիաթներ պատմող իշխանությունների ներկայացուցիչ մարզպետն, ըստ էության, դեմ չէ նաև մարզում նոր հանքի շահագործմանը, սակայն վերջինիս հետ համաձայն չեն բնապահպան-ակտիվիստներն ու տեղի բնակիչները, ովքեր շարունակում են դեմ արտահայտվել հանքի շահագործմանը՝ կազմակերպելով տարբեր ակցիաներ, տապալելով հանրային լսումները: Ինչպես երևում է, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը որոշել է աչք փակել կառավարության որդեգրած առաջնահերթությունների վրա և առանց հանքի միակ մարզը նույնպես սկուտեղով մատուցել հանքատերերին։ Այս անգամ թիրախավորվել է Գոգարան, Շենավան, Սարահարթ բնակավայրերի լեռնային տարածքը, որն ընկնում է Սպիտակի և Ստեփանավանի միջև, այդ տարածքներում ցանկանում են իրականացնել ոսկի-բազմամետաղային օգտակար հանածոների երկրաբանահետախուզական աշխատանքներ։ Ընդ որում, համայնքների բնակիչներն անգամ տեղեկացված չեն եղել, որ իրենց քթի տակ մարզպետը որոշել է հանք բացել, առավել ևս տեղեկացված չեն եղել, որ այդ հարցի շուրջ հանրային քննարկումներ են կազմակերպվելու։ Հանրային քննարկման իրազեկումը կազմակերպվել է թերի և օրենքի խախտումով, քանի որ չի նշվել ո՛չ իրականացնող կազմակերպության անունը, ո՛չ փաստաթղթերին ծանոթանալու վայրն ու եղանակը: Իսկ ամենաաբսուրդայինն այս պատմության մեջ այն է, որ կառավարությունն այդ նույն տարածքում արդեն իսկ անտառներ տնկելու պայմանագիր է կնքել մեկ այլ ընկերության հետ։ Դիցուք՝ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում «Մայ Ֆորեսթ Արմենիա» բնապահպանական հասարակական կազմակերպության, «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության գործընկերների հետ: Հանդիպման նպատակն էր՝ ուղիներ գտնել օժանդակելու Հայաստանում նոր անտառային ծածկույթի ստեղծմանը հենց այն վայրում, որտեղ պատրաստվում են հանք շահագործել:
Միևնույն ժամանակ, պետք է արձանագրել նաև այն դրական քայլերը, որոնք կատարվել են մարզպետի կողմից: Դիցուք՝, մարզպետարանի աջակցությամբ «Ցավեր առանց սահմանի կազմակերպությունը» նախորդ տարի մարզի մի շարք բուժհիմնարկներում՝ Վանաձորի և Սպիտակի ԲԿ-ներում, Վանաձորի թիվ 2, թիվ 3, թիվ 5 համաբուժարաններում և Գուգարք բնակավայրի առողջության կենտրոնում հոգեբանական, պերինատալ ծառայություն է մատուցել ավելի քան 240 հղի կանանց: Կրկին մարզպետարանի ջանքերով, Սպիտակի բժշկական կենտրոնում Ճապոնիայի դեսպանատան Մարդկային անվտանգության ծրագրերի դրամաշնորհային աջակցության շրջանակում կնքվեց սարքավորումների ձեռքբերման պայմանագիր, ըստ որի՝ Ճապոնիայի դեսպանատան կողմից Սպիտակի ԲԿ-ին առաջիկայում կտրամադրվեն բժշկական կարևորագույն սարքավորումներ: