Սիրիայում տիրող հումանիտար իրավիճակը շարունակում է վատթարանալ, փախստականների թիվը հասել է 9.3 միլիոնի: Այս մասին երեկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում փակ խորհրդակցության ժամանակ հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Ամոսը:

 

Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, զեկույցի կրճատ բովանդակությունը լրագրողներին հայտնել է Ամոսի պաշտոնական ներկայացուցիչ Ամանդա Փիթը: Ինքը՝ Ամոսը, հրաժարվել է շփվել մամուլի հետ:

 

Զեկույցի համաձայն` փախստականներից 6.5 միլիոնը համարվում են ներքին փախստականներ: Վալերի Ամոսը կոչ է արել ՄԱԿ-ի ԱԽ-ին ճնշում գործադրել Սիրիայի իշխանությունների և ընդդիմության վրա՝ քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու, կարիքավորներին մարդասիրական օգնություն հասցնելու և փրկարարական գործողություններ իրականացնելու համար: