Mediamall.am-ն առանձնացրել է օրվա կարևոր նորությունները
Ավարտվեց «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի նիստը, որից հետո լրատվամիջոցների համար հայտարարությամբ հանդես եկան ՕԵԿ-ականները:
ՕԵԿ-ը որոշում է կայացրել կոալիցիոն կառավարության մաս չկազմել, քանի որ այն համարում են խնդրահարույց և ոչ նպատակահարմար:
ՕԵԿ քվոտայով նախարարներ Սերգո Կարապետյանը, Սամվել Թադևոսյանը և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը դուրս են եկել ՕԵԿ-ից:
Հեղինե Բիշարյանի խոսքով' ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը ապրիլի 25-ին հանդես կգա ասուլիսով և սպառիչ պատասխաններ կտա: Նա հավելեց, որ եթե ընդդիմադիր դաշտ դուրս գալու վերջնական որոշում կայացվի, Արթուր Բաղդասարյանը կհրաժարվի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից:
***
Ստորև ներկայացնում ենք «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի որոշման ամբողջական տարբերակը.
«Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի գնահատմամբ ՀՀ Նախագահի՝ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նիստում արված հայտարարությունը, կենսաթոշակային պարտադիր բաղադրիչի հակասահմանադրականության վերաբերյալ սահմանադրական դատարանի հայտնի որոշումը, կառավարության հրաժարականը, նոր վարչապետի նշանակումը Հայաստանում ստեղծել է նոր քաղաքական իրավիճակ: Երկրի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերները պահանջում են ունենալ ժողովրդի հեղինակությունը վայելող կիրթ, կենսունակ, ամուր, նորարարական, բարեփոխումները վճռական քայլերով առաջ մղող կառավարություն: Երկրի դժվարին սոցիալ տնտեսական իրավիճակը, ժողովրդին հուզող բազմաթիվ հիմնախնդիրները թելադրում են արդյունքին միտված, ժամանակակից միջազգային փորձով ամրապնդված մրցունակ կառավարության ծրագրի կենսագործում, որը հնարավորություն կտա կարճ ժամկետներում երաշխավորել տեսանելի արդյունքներ: Կուսակցությունը գնահատելով երկրի Նախագահի և ՀՀԿ-ի հետ կոալիցիայի շրջանակներում իրականացրած գործունեությունը, արձանագրում է, որ անցած 6 տարիների ընթացքում համատեղ ուժերով կյանքի են կոչվել բազմաթիվ ծրագրեր: Այդուհանդերձ ՕԵԿ-ը փաստում է, որ մեզ չի հաջողվում իրականացնել մեր բազմաթիվ նախընտրական ծրագրերը, որի վկայությունը, օրինակ, ավելի քան 2 տասնյակ օրինագծերն են, որոնք տարիներ շարունակ, գտնվելով Ազգային ժողովում, օրենքներ չեն դառնում, չնայած մեր բազմաթիվ քննարկումներին:
Արձանագրելով, որ դասական քաղաքական առումով քաղաքական կոալիցիան կարող է լինել կենսունակ, եթե մասնակից քաղաքական ուժերը ունեն որոշումների կայացման վրա եթե ոչ համաչափ, եթե ոչ էական, ապա գոնե որոշակի ազդեցության հնարավորություն, ՕԵԿ-ը փաստում է, որ կոալիցիոն ձևաչափը իրականության մեջ գործել է ոչ արդյունավետ: Արդյունքում «իշխող քաղաքական կոալիցիա» հասկացության փոխարեն լայն շրջանառության մեջ է դրվել գերակա դարձած «իշխող քաղաքական ուժ» հասկացությունը: Կոալիցիոն գործընկերության ժամանակահատվածում նման ձևաչափը ՕԵԿ-ի համար երբևիցե հնարավորություն չի ստեղծել պետական կառավարման համակարգում երկրի զարգացմանն առնչվող շատ հիմնահարցերի լուծման և առանցքային պաշտոնների նշանակման հարցում ունենալ իր ազդեցությունը:
Դրա վկայությունն են նախորդ ժամանակահատվածում 3 անգամ վարչապետ նշանակելու և 4 անգամ խորհրդարանի նախագահ առաջադրելու քաղաքական մեծամասնության միանձնյա որոշումները, ինչպես նաև ՀՀ Նախագահի և ՕԵԿ-ի ներկայացուցիչների հետ օրերս տեղի ունեցած քաղաքական խորհրդատվությունը, որի ժամանակ, չնայած ՀՀ Նախագահի բացառիկ իրավասությանը առաջադրելու վարչապետի թեկնածությունը, կոալիցիայի շրջանակներում չի քննարկվել ՕԵԿ-ի կողմից առաջադրած թեկնածուի հարցը՝ թերևս գուցեև այն հիմնավոր իրավական պատճառով, որ ՀՀԿ-ն Ազգային ժողովում ունի բացարձակ մեծամասնություն, և դա բավարար է առանց կոալիցիոն գործընկերոջ համաձայնության առաջադրումներ կատարելու առանցքային քաղաքական պաշտոններում, ինչը հնարավորություն չի ընձեռում ՕԵԿ-ին՝ որպես կոալիցիոն կուսակցությանն, ունենալ որևէ ազդեցություն նման կարևոր որոշումների ընդունման գործընթացում:
ՕԵԿ-ը փաստում է, որ վերջին 6 տարիներին եղել է ՀՀ Նախագահի և ՀՀԿ-ի հուսալի գործընկերը բազմաթիվ դժվարին իրավիճակներում, փորձել է առավելագույնս ներգրավված լինել բարեփոխումների բարդ օրակարգի մեջ՝ մշտապես ցուցաբերելով սկզբունքային և շիտակ դիրքորոշում: Նույնը վերաբերում է նաև 2008թ. նախագահական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակին, երբ ՕԵԿ-ը վեր կանգնելով նեղ կուսակցական շահերից, իր վարկանիշի էական նվազման հաշվին թույլ չտվեց, որ երկրում մոլեգնի քաղաքացիական պատերազմը կամ երկիրը կանգնի արտաքին ագրեսիայի վտանգի առջև:
Կուսակցությունը գտնում է, որ նոր կառավարությունը պետք է ձևավորված լինի կիրթ, գրագետ, բարեփոխումների ունակ, երկրի արտաքին տնտեսական օրակարգը՝ Մաքսային Միությունից մինչև Եվրոպական Միություն, միջազգային ֆինանսական հաստատությունների և երկրի համար կարևոր գործընկերների հետ հավակնոտ օրակարգ ձևավորելու և կյանքի կոչելու ունակ թիմից:
ՕԵԿ-ը հրապարակային կերպով արտահայտել է իր մոտեցումը կառավարության ղեկավարի մեր թեկնածուի շուրջ: Մենք համոզված էինք, որ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, ով 4 տարի արդյունավետ կառավարել է Ազգային ժողովը, ունեցել է կարևոր դերակատարում Անվտանգության խորհրդի կայացման գործում՝ համակարգելով երկրի ներքին և արտաքին կարևորագույն ոլորտներում բարեփոխումներին ուղղված շուջ մեկ տասնյակ միջգերատեսչական, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցության միջգերատեսչական հանձնաժողովների գործունեությունը, իրավունք ուներ հավակնելու երկիրը տնտեսական դժվարին իրավիճակից դուրս բերելու առանցքային դերակատարմանը՝ երկրի Նախագահի և կոալիցիոն դաշնակիցների հետ: Հաշվի առնելով 6-ամյա կոալիցիոն փորձառությունը, ՕԵԿ-ի՝ կոալիցիայի կազմում մնալու միակ հիմնավոր պատճառ կարող էր դիտարկվել իշխանության մեջ իրական դերակատարման ստանձնումը, ինչը չէր կարող դրսևորվել 3 նախարարական պորտֆելների շուրջ առաջարկությամբ: ՕԵԿ-ը գտնում է, որ երկրի առաջին դեմքերի կենտրոնացումը մեկ քաղաքական կուսակցության ձեռքում իրական հնարավորություն չի ստեղծում կոալիցիոն իշխանության գործունեության համար՝ ինչը վերջինիս տալիս է ոչ թե իրական, այլ ֆորմալ բնույթ:
Ելնելով վերոգրյալից, ինչպես նաև հաշվի առնելով ՀՀ նախագահի հայտարաությունն առ այն, որ նա հրաժարվում է ապագայում այլևս զբաղեցնելու ՀՀ Նախագահի կամ վարչապետի պաշտոնները, ինչպես նաև գերակայություն է համարում ապագայում ևս Հայաստանի Հանրապետական կուսակցության որոշիչ դերակատարությունը, ընդունելով, որ ՀՀԿ-ն, որպես քաղաքական մեծամասնություն ունեցող կուսակցություն, ունի բավարար ներուժ միանձնյա ձևավորելու կառավարությունը և ստանձնելու լիարժեք քաղաքական պատասխանատվություն, ինչպես նաև, հաշվի առնելով ՕԵԿ-ի՝ ապագային միտված իր քաղաքական օրակարգը, ՕԵԿ-ը շնորհակալություն է հայտնում ՀՀ և ՀՀԿ Նախագահ Սերժ Սարգսյանին և Հայաստանի Հանրապետական կուսակցությանը համատեղ աշխատանքի համար, հաջողություն է մաղթում ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին իր գործունեության մեջ:
Ելնելով վերոշարադրյալից՝ ՕԵԿ քաղաքական խորհուրդը
Որոշում է
1. «Օրինաց երկիր» կուսակցության՝ քաղաքական կոալիցիային հետագա անդամակցության հարցը համարել խնդրահարույց և ոչ նպատակահարմար:
2. Հաշվի առնելով, որ կոալիցիայում ՕԵԿ-ը գործունեության հետագա շարունակումը դիտարկում է խնդրահարույց և ոչ նպատակահարմար՝ ՕԵԿ քաղաքական խորհուրդը բավարարեց ՕԵԿ նախարարներ Արմեն Երիցյանի, Սերգո Կարապետյանի և Սամվել Թադևոսյանի դիմումները կուսակցությունից դուրս գալու մասին և հաջողություն մաղթեց նրանց իրենց հետագա գործունեության մեջ:
3. ՕԵԿ Երևանի տարածքային և մարզային կուսակցական կազմակերպություններում քննարկել գործող քաղաքական կոալիցիայում ՕԵԿ անդամակցության նպատակահարմարության հարցը՝ ս.թ. ապրիլի 25-ին ՕԵԿ վարչության նիստում, կայացած քննարկումների արդյունքների հիման վրա քաղաքական խորհրդի որոշումը հաստատելու համար:
4. Հանձնարարել «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Ա. Բաղդասարյանին հանրությանը պատշաճ իրազեկել կուսակցության ղեկավար մարմինների որոշումների մասին:
Քաղաքական խորհրդի որոշումն ընդունվեց միաձայն:
***
Ազգային ժողովի չորս ոչ իշխանական ուժերը հանդես կգան օրենսդրական նախաձեռնությամբ, որով կառաջարկեն փոփոխություններ մտցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում՝ ելնելով օրենքի վերաբերյալ Սահմանադրական դատարանի կայացրած որոշումից: Այս մասին քառյակի հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Նախաձեռնությամբ մենք վերջ կդնենք այն երկիմաստությանը, որն առաջացել է Սահմանադրական դատարանի որոշումից հետո»,- ասաց Ռուստամյանը:
Նա չբացառեց, որ առաջիկա լիագումար նիստի ընթացքում պատգամավորների 1/3-ի նախաձեռնությամբ իրենք արտահերթ նիստ հրավիրեն՝ նախաձեռնությունը ներկայացնելու համար: «Սա արդեն արտահերթ նիստ կլինի, այլ ոչ թե արտահերթ հարց կդիտվի, քանի որ սա ոչ թե որոշման նախագիծ է, այլ օրենսդրական նախաձեռնություն»,-ասաց նա:
***
Թեև արտաքուստ կարող է թվալ, որ ՀԱԿԿ-ի ներսում ամեն ինչ կարգին է, գործում է միասնական թիմ և չկան տարաձայնություններ, սակայն իրականությունը մի փոքր այլ է: Կոնգրեսականների հետ շփվող և կուսակցության գրասենյակ այցելող մարդիկ պատմում են, որ ՀԱԿԿ երկու փոխնախագահներ Լևոն Զուրաբյանի և Արամ Մանուկյանի ջրերը, մեղմ ասած, մի առվով չեն հոսում: Պատճառները բազմազան են, սակայն այդ լուռ հակամարտության սկիզբը դրվել է ՀՀՇ-ՀԱԿ մուտացիայի ընթացքում, երբ Լ.Տեր-Պետրոսյանի միանձնյա որոշմամբ նորաստեղծ ՀԱԿ կուսակցությունում առավել բարձր դիրք գրավեց ոչ թե ՀՀՇ-ի նախագահ Արամ Մանուկյանը, այլ իր սիրելի նախկին մամուլի խոսնակ Լևոն Զուրաբյանը: Ճիշտ է, նրանք երկուսն էլ կուսակցության փոխնախագահներ են, սակայն Տեր-Պետրոսյանի հետ կարևոր հարցերը քննարկում և նրա խոսքը կուսակցականներին է փոխանցում հենց Լ.Զուրաբյանը, ինչն ամենևին էլ դուր չի գալիս Ա.Մանուկյանին:
Ասում են, այս զույգի փոխհարաբերություններն ավելի են լարվել, երբ կրկին Լ.Տեր-Պետրոսյանի միանձնյա որոշմամբ ԱԺ «ՀԱԿ» խմբակցության ղեկավար նշանակվեց ոչ թե երկարամյա քաղաքական գործունեություն ծավալող և փորձառու կուսակցական Արամ Մանուկյանը, այլ ԼՏՊ-ի «լյուբիմչիկ» Լևոն Զուրաբյանը, ով նախկինում պետական պաշտոն է զբաղեցրել բացառապես այն բանի շնորհիվ, որ հանդիսացել է մեծանուն գրող Հրանտ Մաթևոսյանի փեսան: Փաստացի, հենց միայն այդ հանգամանքն է այսքան տարիներ հանդիացել նրա միակ քաղաքական կապիտալը և հենց Լ.Տեր-Պետրոսյանի ու Հ.Մաթևոսյանի մտերիմ հարաբերությունների շնորհիվ է, որ Լ.Զուրաբյանը շատ ու շատ հարցերում մինչ օրս մնում է ԼՏՊ-ի «ֆավորիտը»:
***
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության օրվա կապակցությամբ: Ուղերձում ասված է.
«Ոստիկանության հարգելի՛ աշխատողներ և վետերաններ,
Շնորհավորում եմ ձեզ ոստիկանության օրվա կապակցությամբ: Հայաստանի Հանրապետության ժողովուրդը՝ ի դեմս ձեզ, ունի կայացած և ամուր պետական կառույց: Դուք արժանապատվորեն և լիարժեք իրականացնում եք ձեր առաքելությունը:
Գաղտնիք չէ, որ ոստիկանության աշխատանքը որևէ երկրում և մանավանդ Հայաստանում միշտ գտնվում է հասարակության ուշադրության կիզակետում, և ոստիկանի վարքն ու դիմագիծը ուղղակիորեն կապվում են երկրի և պետության նկարագրի հետ: Այս առումով դուք լրացուցիչ պատասխանատվություն ունեք: Անհրաժեշտ է նշել, որ վերջին շրջանում մեր ոստիկանության աշխատանքում ակնհայտ է դրական տեղաշարժը: Սա արդյունք է բարեփոխումների մի տևական շղթայի, որ հաջողությամբ իրականացվել է ոստիկանության համակարգում, բայց դա նաև արդյունք է հոգեբանական փոփոխության, որ տեղի է ունենում մե ր հասարակության մեջ: Դրականորեն փոխվում է ոչ միայն հասարակության վերաբերմունքը ոստիկանի նկատմամբ, այլև ոստիկանի վերաբերմունքը հասարակության հանդեպ: Իհարկե, մենք դեռ հեռու ենք ցանկալի նշանակետից, բայց հուսադրող է, որ գնում ենք ճիշտ ճանապարհով և արձանագրում ձեռքբերումներ:
Հայաստանի քաղաքացին ձեզ է վստահել իր ունեցվածքի և հասարակական կարգի պաշտպանությունը: Դուք քայլ առ քայլ ձեր աշխատանքով ապացուցում եք, որ արժանի եք այդ վստահությանը: Ցավոք, դեռ կան այդ վստահությունը չարաշահողներ: Համոզված եմ, որ անողոք եք լինելու նման դրսևորումների հանդեպ և բացառելու եք ոստիկանի ուսադիրների արատավորումը: Նման վճռական կեցվածքը ձեր շարքերում մենք արդեն տեսնում ենք:
Կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեզ քաջառողջություն, հաջողություններ ձեր դժվարին ծառայության մեջ. միշտ քայլեք ժամանակի պահանջներին համաքայլ, եղեք արդիական թե՛ մասնագիտական պատրաստվածությամբ, թե՛ սկզբունքայնությամբ»:
***
Արդեն մի քանի օր է, ինչ ՀՀ Ազգային ժողովն առանց նախագահի է աշխատում: Օրենսդիրի ղեկավարի գործառույթները ժամանակավորապես իրականացնում է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Ինչպես մինչև վարչապետի անունը հայտնի դառնալը, այնպես էլ հիմա, ԱԺ նախագահի պաշտոնում շրջանառվում են բազմաթիվ անուններ, սակայն, ՀՀԿ-ականների պնդմամբ, թե ով կլինի այդ պաշտոնին, դեռևս նման հարց չի քննարկվել: Առաջնային հարցը, թերևս այժմ համարվում է նոր կառավարության կազմը, որում ինչպես Սերժ Սարգսյանն էր հայտարարել, լուրջ փոփոխություններ են լինելու:
Թե ում են մեր խորհրդարանականները ցանկանում տեսնել Ազգային ժողովի նախագահի պաշտոնում, Լուրեր.com-ը փորձեց պարզել անձամբ իրենցից:
ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը նշեց, որ իր կարծիքը բոլորովին կարևոր չէ:
«Խորհրդի նիստում քննարկելուց, երբ կառաջադրվի, կքննարկվի, այն ժամանակ էլ կորոշվի»,-ասաց Կարինե Աճեմյանը:
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը ևս անուններ չնշեց:
«Կարծում եմ, որ երբ համապատասխան քննարկումները կլինեն' այդ ժամանակ նաև արդեն հրապարակային կանդրադառնանք: Առայժմ դեռ քննարկումներ չկան»,-ասաց Զաքարյանը:
ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանի կարծիքով' այդ անձը պետք է կարողանա աշխատել քաղաքական ուժերի հետ:
«Դա ցանկությունների խնդիր չէ: Տեսնենք' ովքեր կլինեն թեկնածուները: Իհարկե, պետք է հասկանալ, որ մարդ պետք է կարողանա աշխատել քաղաքական ուժերի հետ գրագետ, նորմալ: Չափանիշների խնդիր է այստեղ, անձի խնդիր չէ»,-ասաց Շահգելդյանը:
ԲՀԿ խոսնակ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն, ըստ էության, այդ պաշտոնում տեսնում է նաև իրեն, քանի որ մեր հարցին ի պատասխան նա ասաց. «131 պատգամավորներից որևէ մեկին»:
Նշենք, որ «Ժանագություն», ՀՅԴ և ՀԱԿ խմբակցություններից չհաջողվեց տեսակետ ստանալ: