Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հեղինակ Վալերի Բուայեն հոդված է հրապարակել «Nouvelles d'Arménie» ամսագրում: Հոդվածում Բուայեն անդրադառնում է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիթ Էրդողանի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ վերջին հայտարարությանը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի գործելաոճին՝ ցեղասպանության ժխտումը քերականացնելու ուղղությամբ: «Հայոց ցեղասպանության 99-ամյա տարելիցի նախօրեին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր «ցավակցությունները» հայտնեց զոհերի թոռներին: Միջազգային հանրությունը, սա համարելով քայլ առաջ, զարմացավ այն բացատրությունից, որն Էրդողանը տվեց 2014թ. ապրիլի 29-ին՝ ցինիկաբար հայտարարելով. «Եթե դա ցեղասպանություն լիներ, արդյոք Թուրքիայում դեռ հայեր կլինեին»:

 

Չնայած նրան, որ նույնիսկ Ֆրանսուա Օլանդն այդ «ցավակցությունները» որակեց էվոլյուցիա, մենք կարող ենք ինքներս մեզ հարց տալ Թուրքիայի վարչապետի իրական դրդապատճառների մասին: Ներողություն խնդրելու փոխարեն իր «ցավակցությունները» հայտնելով հայ զոհերի թոռներին՝ Էրդողանն ամրապնդում է ժխտողական իր դիրքորոշումը: Միակ նորարարությունն այն է, որ նա վերջ է տալիս խուսափելու քաղաքականությանը: Հավասարակշռելով «միլիոնավոր օսմանցի քաղաքացիների» տառապանքները, նույնիսկ չհիշելով Հայոց ցեղասպանության մասին, Էրդողանը ցանկանում Õ § «ազատորեն կարծիքներ փոխանակել պատմական հարցի վերաբերյալ», ինչը թույլ կտա ժխտողներին «կարծիքներ» հայտնել»,-նշել է Բուայեն:

 

Նրա խոսքով՝ միայն միամիտ կամ կողմնակալ դիտորդները կարողացան եզրակացնել, որ կարող են 1915թ. ցեղասպանության ճանաչում ակնկալել: Դրա հետ մեկտեղ, Բուայեն հիշեցնում է 2014թ. ապրիլի 25-ին «Le Monde»-ում հրապարակված հոդվածը, որտեղ ընդգծվել էր, որ անցյալ տարի Ելիսեյան պալատն առաջարկել է Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ, որն ուղարկվել է Պետական խորհուրդ փորձաքննության, սակայն մինչ այժմ այդ հարցում լռություն է տիրում:

 

«Հոդվածում նշվում էր, որ «Պետական խորհուրդն անբարենպաստ կարծիք է հայտնել կառավարության ներկայացրած նոր տեքստի վերաբերյալ այն հիմքով, որ դրանում խախտվում է քրեական օրենսգրքի կանխատեսելիության սկզբունքը»: Այս անհաջողությունը երբեք չի հրապարակվել: Եվ պատճառը հավանաբար Ֆրանսուա Օլանդի' 2014թ. մայիսին Հայաստան կատարելիք այցն է, իսկ 2015թ. ապրիլին հիշողության եւ քաղաքակրթության կենտրոնի ստեղծման մասին Օլանդի հայտարարությունն այդ անհաջողությունը փոխհատուցելու միջոց է: Որքան նվաստ միջոցներ են սփոփանքի համար, երբ միակը, ինչը երկու տարի սպասում են Ֆրանսիայի ծագումով հայերն ու մարդու իրավունքների պաշտպանները՝ ժխտումը քրեականացնող օրենքն է»,- գրել է Բուայեն:

 

Պատգամավորը հիշեցրել է, որ ներգրավված է 1915թ. ցեղասպանության ժխտման քրեականացման գործընթացում: 2011թ. հոկտեմբերի 18-ին էլ Բուայեն առաջարկել է № 3842 օրենքը՝ ռասիզմի դեմ պայքարի օրենսդրության վերանայման եւ Հայոց ցեղասպանության ժխտման համար պատիժ սահմանելու վերաբերյալ:

 

Բուայեն կարծիք է հայտնել, որ ՄԻԵԴ-ի որոշումը Փերինչեքի գործով ապացուցում է, որ ժխտումը քրեականացնող օրենքն առավել քան երբեւէ հարկավոր է: «Իրավիճակն այսօր պարզ է: Սոցիալիստական մեծամասնությունը քաջություն չի ունենա ներկայացնել օրենքը մինչ 2017թվականը: Ֆրանսուա Օլանդի քաջությունը նույնպես չբավականացրեց Էրդողանի ցինիզմին պատասխանելու համար: Սակայն հնարավոր չէ պատկերացնել ցեղասպանության հարյուրամյակին նվիրված միջոցառումների կազմակերպումը, եթե արդարությունը չի հաղթանակելու դրա զոհերի և նրանց սերունդների համար: Անհրաժեշտ է սպասումի փոխարեն այլընտրանքային որոշում գտնել: Սակայն ի՞նչ ենք մենք ակնկալում»,- եզրափակել է Ֆրանսիայի ԱԺ պատգամավորը: