Վրաստանի կառավարության վարչակազմում մայիսի 23-ին պաշտոնապես հավաստել են, որ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրն ստորագրելու է երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը, կառավարության դիվանատանն անցկացված ճեպազրույցի ընթացքում հայտնել է Վրաստանի կառավարության խորհրդարանական քարտուղար Շալվա Տադումաձեն:
ԵՄ-ի հետ Վրաստանի ասոցացման համաձայնագիրը ձևակերպվելու է հունիսի 27-ին Բրյուսելում:
Ավելի վաղ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին այն կարծիքն է հայտնել, որ Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը պետք է ստորագրի հանրապետության նախագահը: «Կարծում եմ, որ համաձայնագիրը պետք է ստորագրի նախագահը, քանի որ այն վերաբերում է ինչպես գործադիր, այնպես էլ օրենսդիր ու դատական իշխանություններին: Համապատասխանաբար, ես կարծում եմ, որ ավելի լավ կլինի, եթե համաձայնագիրն ստորագրի պետության ղեկավարը, սակայն օրինական է նաև այն, որ այն ստորագրի մեկ ուրիշ անձ»,-ասել է Մարգվելաշվիլին:
Նա ընդգծել է, թե «կարևոր է, որ այն (համաձայնագիրը) ստորագրի Վրաստանը, ուստի ես չեմ վիճարկի, եթե որոշվի, որ այն պետք է ստորագրի որևէ այլ օրինական անձ»: Մարգվելաշվիլիի խոսքով՝ երկրի համար «կարևոր է ստորագրելը, այլ ոչ թե այն, թե ով այն կստորագրի»: