«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորումը՝ ԻԼԻՊ-ը, հայտարարել է, որ իրենց վերահսկողության տակ են վերցրել Սալահ ադ Դին մարզի Սուլեյման Բեյք գյուղաքաղաքը և ենթարկվում են իրաքյան ուժերի ռմբակոծությանը: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, ԻԼԻՊ խմբա վորման անդամները հարձակվել են Բաղդադի հյուսիսում գտնվող օդային ամենամեծ բազաներից մեկի վրա: «Անակոնդա» անունը կրող հենակետն ավերվել է: Զինված բախումների հետևանքով Դիյալա մարզի Սաադիա և Միկդադիա բնակավայրերի ավելի քան 200 ընտանիքներ հեռացել են այնտեղից: Միջազգային լրատվամիջոցները տեղեկացնում են, որ ԻԼԻՊ-ը գրավել է Իրաքի Ալ Խադր քաղաքի' անտիկ ճարտապետությանը պատկանող տաճար-համալիրը:

 

Տաճարը 1985թ. ընգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Զինյալները վերահսկողություն են հաստատել, երբ ոստիկանները փախուստի են դիմել այնտեղից: Այժմ հնագույն տաճար-համալիրը կործանման վտանգի տակ է: Տաճարը գտնվում է Բաղդադից 290 կմ հեռավորության վրա: Այն համաշխարհային ճանաչում ունի:

 

Բացի այդ, ԻԼԻՊ-ը գրավել է մի քանի նավթային բազաներ, ինչպես նաև Թիրքիթի արևելքում գտնվող Աջիլ շրջանը:

 

Հակասական լուրեր են շրջանառվում Բայջիում գտնվող Իրաքի ամենամեծ նավթավերամշակման գործարանի վերաբերյալ: Այն, որոշ աղբյուրների տեղեկացմամբ, ծայրահեղականների, որոշ աղբյուրների համաձայն' կառավարական ուժերի վերահսկողության տակ է:

 

Դեռ ԻԼԻՊ-ի հսկողության տակ են գտնվում հյուսիսային Իրաքի մեծ մասը, այդ թվում՝ Մոսուլը և Թիրքիթը, ինչպես նաև արևմուտքում գտնվող շրջանները:

 

Իրաքում իրավիճակը կտրուկ վատացել է «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» կոչվող խմբավորման հունիսի 10-ից սկսած լայնածավալ գործողությունների պատճառով: Գրոհայիններն ամբողջովին գրավել են Նինվե նահանգի Մոսուլ քաղաքը: Իրաքյան ուժերն իրենց հերթին հայտարարել են, որ լայնածավալ ռազմական գործողություններ են սկսում Մոսուլում և Թիրքիթում գտնվող ԻԼԻՊ խմբավորման անդամների դեմ: