«Mediamall.am»  լրատվականն ամփոփում է անցնող օրը.



Տուժելու է Նիկոլ Փաշինյանը

 

 

Օրեր առաջ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ փորձելու է Սերժ Սարգսյանին իմպիչմենտ հայտարարելու օրակարգով արտահերթ նստաշրջան հրավիրելու համար ստորագրահավաք սկսել:

Նման նստաշրջան հրավիրելու համար անհրաժեշտ է 44 պատգամավորի ստորագրություն:

 

«Ինչպես և խոստացել եմ եթերում, մինչև հաջորդ քառօրյա հանդես կգամ Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու Ազգային ժողովի որոշման նախագիծն արտահերթ կարգով խորհրդարանի օրակարգ մտցնելու նախաձեռնությամբ: Հուսով եմ՝ նախագիծը կստանա անհրաժեշտ թվով (44) պատգամավորների աջակցություն՝ արտահերթ կարգով ԱԺ առաջիկա քառօրյայում քննարկվելու համար: Ոչ իշխանական ուժերը ներկայացնող պատգամավորների թիվն ավելին է, քան 44-ը»,- ասել էր Փաշինյանը:

 

Նշենք նաև, որ Փաշինյանի այս հայտարարությունից հետո մամուլում լուրեր են պտտվում, որ Փաշինյանը խաթարել է ոչ իշխանական եռյակի անդորրը:Շարունակությունն՝ այստեղ:

 

 

***

 

 

Ադրբեջանցի դիվերսանտը հայտարարել է, որ ատելություն չունի հայ ազգի նկատմամբ

 

 

ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դեկտեմբերի 1-ին շարունակվել է ընթացիկ տարվա հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Շահբազ Գուլիևի եւ Դիլհամ Ասկերովի գործով դատավարությունը:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ' ինչպես տեղեկացնում է «Արցախպրես»-ը, դատական նիստում որպես գործով ապացույց է ներկայացվել Դիլհամ Ասկերովի մասին պատմող ադրբեջանցի գրող Զիադդին Շուրաօղլու Իսմայիլովի՝ «Не иди один в Кельбаджар, отец» գիրքը՝ ռուսերեն թարգմանությամբ:

 

Գրքում մանրամասնորեն ներկայացված են Դիլհամ Ասկերովի՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանը խախտելու մի քանի դեպքերն ու Քարվաճառում նրա կատարած հանցագործությունները։ Այնտեղ խոսվում է, մասնավորապես, մինչ Քարվաճառում հայտնվելըն ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ Ասկերովի հանդիպումների մասին։ Բացի այդ, հեղինակն անընդհատ մատնանշում է Դիլհամ Ասկերովի ատելությունը հայերի նկատմամբ:

 

Ի պատասխան դատավորի և պետական մեղադրողի հարցերին, թե ինչն է հայերի նկատմամբ ատելության պատճառը՝ Ասկերովը նշել է, որ ինքն ատելություն ու թշնամանք չունի հայ ազգի հանդեպ, և որ հեղինակն ուղղակի այն հորինել է:

 

 

***

 

 

Թե ինչու շրջանառության մեջ դրվեց Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին որոշման նախագիծը. պարզաբանում է Նիկոլ Փաշինյանը

 

 

Ցավով եմ արձանագրում, որ հնարավոր չեղավ հավաքել ԱԺ 44 պատգամավորի ստորագրություն՝ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին որոշման նախագիծն արտահերթ կարգով Ազգային ժողովում քննարկելու համար: Այս մասին այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

 

 

Նա նշեց, որ նախագիծը մնալու է ԱԺ-ում, որոշակի լրամշակումից հետո, այն օրենսդրական կարգով կդրվի շրջանառության մեջ:

Նշենք, որ փաստաթղթի տակ ստորագրել են երեք պատգամավոր՝ Նիկոլ Փաշինյանը, Զարուհի Փոստանջյանը և Ալեքսանդր Արզումանյանը:

 

 

«Վերջին օրերին տարբեր վարկածներ են առաջ քաշվել նախաձեռնությունը շրջանառության մեջ դնելու շարժառիթների մասին: Ներկայացնեմ շարժառիթները: Առաջին՝ վերջին տարիներին քաղաքական խմորումները ներքաղաքական կյանքում առաջացրել են բազմաթիվ անորոշություններ: Այս նախագծով «Քաղաքացիական պայմանագիր» միավորումն արձանագրում է իր կոորդինատները քաղաքական դաշտում, հիշեցնում ՀՀ-ում հաստատված աղետային իրավիճակի պատասխանատուների և նրանց գործունեության քրեաիրավական բնույթի մասին:

 

Երկրորդ՝ նախագծում արծարծված են հարցեր, որոնց անդրադարձել եմ ԱԺ-ում: Այս գործընթացն, արձանագրում է, որ խորհրդարանի ամբիոնից բարձրացրած հարցերի լուծման գործում լինելու եմ հետևողական:

 

Երրորդ պատճառն այն է, որ ԱԺ պատգամավոր եմ ընտրվել ՀԱԿ դաշինքից: Խնդրում եմ չշփոթել համանուն կուսակցության հետ, ընտրվել եմ ՀԱԿ դաշինքի համամասնական ցուցակով, որի առանցքային դրույթներից մեկը Սերժ Սարգսյանի իմպիչմենտի հարցի հարուցումն է: Այս առաջարկով հանդես եմ եկել նաև հրապարակային»,- ասաց Փաշինյանը և հավելեց, որ պատրաստ է միանալ նման ցանկացած նախաձեռնության, որը կկազմակերպվի որևէ խմբակցության կամ պատգամավորի կողմից:

 

 

***

 

 

Սեյրան Օհանյանի անունն ասոցացվում է ինքնիշխանության, ժողովրդավարության հետ

 

 

Ֆեյսբուքում «Սեյրան Օհանյան ՀՀ նախագահ 2018» անունով էջ է բացվել:

Ավելորդ է ասել, որ այս էջի բացումը որևէ առնչություն չունի գեներալի կամ նրա շրջապատի հետ: Սեյրան Օհանյանը բացառիկ համեստ անձնավորություն է, միշտ արտահայտել է իր հավատարմությունը երկրի քաղաքական ղեկավարությանն ու երբեք աչքի չի ընկել քաղաքական հավակնություններով: Ու որ ամենակարևորն է՝ նա կամ նրա շրջապատը երբեք հանդես չեն գա քաղաքական հավակնությունների հրապարակայնացմամբ, եթե չկա թիմային որոշում:

 

Ըստ ամենայնի, էջը բացել են մարդիկ, ովքեր խանդավառաված են բանակի վերջին ամիսների գործողություններով, անձամբ նախարարի ադեկվատ վարքագծով: Այս առումով՝ ես հասկանում եմ նախաձեռնության հեղինականների մոտիվները՝ թեև դրանք փոքր-ինչ ժամանակավրեպ եմ համարում:

 

Մյուս կողմից, Ֆեյսբուքում հանդիպեցի մարդկանց կարծիքների, որոնք մտահոգություն են հայտնում քաղաքական համակարգի միլիտարիզացիայի առթիվ:Շարունակությունն՝  այստեղ:

 

 

***

 

 

Թուրքիայում ռազմական ինքնաթիռ է կործանվել

 

 

Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբը հայտարարել է ռազմական F-16 տեսակի ինքնաթիռի կործանման մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

 

Ուսումնական թռիչք կատարող ինքնաթիռն ընկել է Մերզիֆոն քաղաքի մոտակայքում: Օդաչուին հաջողվել է փրկվել պարաշյուտի օգնությամբ: Թե ինչն է եղել օդանավի կործանման պատճառը, դեռևս հայտնի չէ: Գործի առնչությամբ սկսվել է հետաքննություն:

 

 

***

 

Երևանի Վիլնյուսի փողոցում ՃՏՊ-ի հետևանքով 2 մարդ է մահացել

 

 

Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 65 շենքի մոտ նոյեմբերի 30-ին' ժամը 23.15-ին, իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, պատահարի հետևանքով «ՎԱԶ-2107»-ի վարորդը՝ 1978թ. ծնված Արտակ Իսպիրյանը, և ուղևորուհին՝ 1952թ. ծնված Գյուլնարա Սաֆարյանը տեղում մահացել են: Կատարվում է քննություն:

 

 

***

 

 

Արմեն Երիցյանը' նոր մեգանախարար

 

 

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանին նշանակել է տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար.

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով՝ որոշում եմ.
Արմեն Երիցյանին նշանակել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

 

 

 

***

 

 

Շարմազանովի պատասխանը ՀԱԿ-ին

 

 

ՀՀ ԱԺ փոխնախագահ էդուարդ Շարմազանովը ՀԱԿ-ին կոչ է անում ազատ և արդար ընտրություններ պահանջելու փոխարեն նախևառաջ մասնակցել ընտրություններին:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ արձագանքելով ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հայտարարությանը՝ Շարմազանովն ընդգծեց. «Ազատ և արդար ընտրություն պահանջելու փոխարեն նախևառաջ մասնակցեիք ընտրություններին»:

 

Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ իշխանությունները կամ կամովի կտան ՀՀ ժողովրդին ազատ և արդար ընտրություններ, կամ ժողովուրդն ազատ և արդար ընտրությունները կնվաճի:

 

 

***

 

 

Մեր օլիգարխները գործիք են դառնալու Մոսկվայի ձեռքին

 

 

«Եվրասիական միությանն անդամակցելուց հետո տնտեսական մրցակցությանը վերաբերող վերջնական որոշումները այլևս կայացվելու են Մոսկվայում», -այսօր հայաստանյան գործարարների հետ կայացած քննարկմանը հայտարարել է Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանը:

 

Նա մանրամասնել է, թե անդամակցությունից հետո Եվրասիական տնտեսական միության մրցակցության հարցերով հանձնաժողովն է վարչական վարույթ հարուցելու և որոշումներ կայացնելու բոլոր այն տնտեսվարողների առնչությամբ, որոնք միաժամանակ գործելու են միության երկու և ավելի պետությունների տարածքներում:
Մեր օլիգարխների համար այդ լուրն երկակի նշակություն ունի:

 

Նրանք սովոր են մոնոպոլ դրսևորումներին ու մրցակցության բացակայությայնը: Շաբոյանի հանձնաժողովը շատ դեպքերում աչք է փակել այս երևույթի վրա. օլիգարխները սիվոլիկ գումարով տուգանվել են, կամ իրենց խնդիրները լուծել են իշխանության բարձր հովանավորությամբ՝ փայ զիջելով կամ «քյաշ» տալով, կամ էլ՝ գերադասել են շահագրգռել հենց հանձնաժողովականներին, ովքեր միշտ էլ կարող են համարել, որ մենաշնորհը բնական է, պայմանավորված է փակ սահմաններով և այլն: «Թե գայլերն են կուշտ մնացել, թե ոչխարներն՝ ողջ»՝ իչպես ասված է ժողովրդկան հայտնի խոսքում:Շարունակությունն՝ այստեղ:

 

 

***

 

 

Արագածոտնում 80 ավտոմեքենա է արգելափակվել մերկասառույցի պատճառով

 

 

Արագածոտնի մարզի Քուչակ-Ափնագյուղ ավտոճանապարհին դեկտեմբերի 1-ին' ժամը 19.30-ին մոտ շուրջ 80 ավտոմեքենա է արգելափակվել: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվ արկ:

 

Նույն օրը' ժամը 17.08-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի ոլորանների մոտակայքում բեռնատարը, որ տեղափոխում էր 27տ կարտոֆիլ, արգելափակվել է ձնակույտի մեջ. անհրաժեշտ է օգնություն:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, որը Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 6-րդ կմ-ում նկատել է արգելափակված ավտոմեքենա:
Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2108» մակնիշի 08LU065 պետհամարանիշով (վարորդ' Ա. Խ.) ավտոմեքենան և շարունակել ճանապարհը:

 

Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 13-րդ կմ-ում էլ արգելափակվել է «ՄԱՆ» մակնիշի ZZS805 պետհամարանիշով (վարորդ' Գ. Ջ.) բեռնատար:
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից