Սեւծովյան նավատորմի «Բույան-Մ» նախագծի «Զելյոնի դոլ» փոքր հրթիռանավը առաջիկա օրերին առաջին անգամ կմիանա Սիրիայի ափերում միջերկրական տորմիղին: Նավը Սեւաստոպոլից կմեկնի այսօր: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:
Հենց այդ նախագծի ռազմանավերն են 2015 թվականի հոկտեմբերի 7-ին թեւավոր հրթիռներով Կասպից ծովից հարված հասցրել Սիրիայում ահաբեկիչների վրա:
«Առաջիկա օրերին «Զելյոնի դոլ» հրթիռանավը կմիանա Սիրիայի ափերին գտնվող ռուսաստանյան նավախմբավորմանը: Դա հանդիսանալու է տվյալ նախագծի' Միջերկրական ծովում ՌԴ-ի ռազմածովայի ուժերի խմբավորման մեջ նավերի առաջին մասնակցությունը», -հայտնել է գործակալության աղբյուրը:
Նա հիշեցրել է, որ նավը տորմիղի կազմ է մտել 2015 թվականի նոյեմբերին: Նա մասնակցել է 2016 թվականի փետրվարին Հարավային ռազմական շրջանի անակնկալ զինավարժանքներին:
«Սիրիայի ափերին նավի նպատակները չեն բացահայտվում, բայց հաշվի առնելով, որ նա իր վրա հեռահար թեւավոր հրթիռներ է կրում, չի բացառվում նրա մասնակցությունը ռազմական գործողություններին», -ասել է աղբյուրը:
Ռազմադիվանագիտական աղբյուրն ավելի վաղ գործակալությանը հայտնել էր, որ Միջերկարական ծովում ՌԴ-ի ռազմածովային ուժերի տորմիղի նավերի թիվը 10-ից հասցվել է 20-ի:
«Բույան-Մ» նախագծի փոքր հրթիռանավերը «գետ-ծով» դասի բազմաթիրախ նավեր են: Տարողությունը կազմում է 949 տ, երկարությունը' 74 մ, լայնությունը' 11 մ: Նավը հանդերձավորված է 100 մմ տրամաչափի Ա-190 հրետանային սարքավորումով, «Կալիբր» տեսակի հրթիռային համալիրով, ինչպես նաեւ «Գիբկա» զենիթային հրթիռային համալիրով: