«Mediamall.am»-ն առաջարկում է ծանոթանալ անցնող օրվա առավել ուշագրավ նորություններին.
Ավտովթար Աշտարակ-Երևան ավտոճանապարհին. տուժածի առողջական վիճակը ծանր է
Սեպտեմբերի 6-ին, ժամը 06.12-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհին՝ Մուղնի գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Օպել Աստրա» մակնիշի 34 VS 568 և «Օպել Վեկտրա» մակնիշի 09 SL 921 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը' 1967 թ. ծնված Ռ. Մ.-ը, հոսպիտալացվել է Աշտարակի ԲԿ, այնուհետև «Արմենիա» ՀԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
***
Սեփական օգտագործման համար կանեփ աճեցնող երիտասարդ կնոջ բնակարանից 5 կգ թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ)
«02» հաղորդաշարի հերթական թողարկման շրջանակներում ներկայացված դեպքերից առավել ուշագրավ է առաջինը. թմրանյութերի ազդեցության տակ գտնվող և «երկնքում ճախրող» երիտասարդ կնոջ բնակարանից առգրավվել է մոտ 5 կգ թմրամիջոց։ Մանրամասները՝ տեսանյութում։
***
ԱՄՆ-ը կշարունակի համագործացկել Սիրիայի ազատ բանակի հետ
ԱՄՆ-ը կշարունակի համագործակցել Սիրիայի ազատ բանակի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, այս մասին սեպտեմբերի 3-ին հայտարարել է պետքարտուղարության մամուլի քարտուղար Ջեն Պսակին՝ ավելացնելով, որ Վաշինգտոնը դեռ մտադիր չէ օգտագործել Սիրիայի ազատ բանակը ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման հետ պայքարում:
«Մենք նախկինի պես աշխատում ենք ազատ բանակի հետ և շարունակում տարբեր ձևերով օժանդակել նրանց»,- նշել է Պսակին:
Պսակին հերթական անգամ խիստ քննադատել է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին: Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ը սերտորեն համագործակցում է Սիրիայի ազատ բանակի ներկայացուցիչների հետ' չնայած ազատ բանակի գործողությունները քննադատության են արժանանում:
ՄԱԿ-ը բազմիցս ազատ բանակին մեղադրել է երեխաներով իր շարքերը համալրելու մեջ: Մյուս կողմից'Ռուսաստանի ԱԳՆ-ի տեղեկություններով, բանակը զանգվածային սպանություններ է իրականացրել, առևանգել և բռնությունների է ենթարկել երեխաներին:
Սիրիայի ազատ բանակը երկրում ընդդիմադիր գլխավոր խմբավորումներից է, որն ավելի քան 3 տարի պայքարում է Բաշար ալ Ասադի իշխանության դեմ:
***
ՊԲ դիրքապահների կողմից գերեվարվել է Ադրբեջանի քաղաքացի
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Վերին Չայլու) ուղղությամբ սեպտեմբերի 5-ին' ժամը 18.10-ի սահմաններում, ԼՂՀ պետական սահմանն անցնելու փորձ կատարելու ժամանակ ՊԲ դիրքապահների կողմից գերեվարվել է Ադրբեջանի քաղաքացի Մամեդով Ջավիդ Սամիրօղլուն:
Միջադեպի մասին Կարմիր խաչի Ստեփանակերտի գրասենյակը տեղեկացվել է, իսկ Մամեդով Ջավիդ Սամիրօղլուն հանձնվել ԼՂՀ համապատասխան ծառայություններին:
ԼՂՀ ՊՆ
***
Թուրքիան պետք է առերեսվի իր պատմությանը. Էդվարդ Նալբանդյանի հոդվածը' Le Figaro-ում
Ֆրանսիական «Ֆիգարո» թերթում որոշակի կրճատումներով հրապարակվել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հոդվածը, որի ամբողջական տեքստը «Արմենպրես»-ը ներկայացնում է ստրոև.
«Միջազգային հարաբերություններում, ցավոք սրտի, առկա են բաց թողնված հնարավորություններ: Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը և դրան հաջորդած այլ բարձրաստիճան թուրք պաշտոնյաների մեկնաբանությունները Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի նախօրեին և հետո, նման դեպքերից են: «Ընդհանուր ցավի», «արդար հիշողության» շինծու դրույթները դժվար թե որևէ մեկին կարող են մոլորեցնել: Հատկապես, երբ Ահմեդ Դավութողլուն է ընդգծում. «Էրդողանի հայտարարության հիմնական նպատակը Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ ամբողջ աշխարհում գործադրվող ջանքերի խափանումն է»: Հաշտեցմանն ուղղված կոնկրետ քայլերի փոխարեն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ հանցակցության կոչեր են արվում:
Դժվար է գտնել մի ազգ, որը կարոտով կհիշի դարեր շարունակ կրած ճնշումներն իր նախնյաց հայրենիքում: Ոչ մի ճնշված ազգ չի կարող կարոտով հիշել Օսմանյան կայսրությունը: Ինչպես այլ կայսրություններ, Օսմանյան կայսրությունը ստեղծվել և բռնությամբ պահպանվում էր' իր շատ քաղաքացիների հիմնարար իրավունքները և ազատությունները ճնշելու միջոցով:
Ապշեցուցիչ է քրիստոնյաների և մահմեդականների կրած տառապանքների վերաբերյալ արևմտյան և թուրքական ընկալումների տարբերակումը պարոն Դավութողլուի կողմից: Հայոց ցեղասպանությունը ոչ միայն հայերի կամ արևմուտքի պատմության և հիշողության, այլ նաև մահմեդական աշխարհի հիշողության մասն է: Հայոց ցեղասպանության վերաբերյալ առաջին վկայություններից մեկը պատկանում է մահմեդական ականատես Ֆայեզ էլ Հուսեյնին, ով 1916թ. հրատարակեց «Կոտորածները Հայաստանում» վերնագրով իր գիրքը: Մեքքայի շարիֆ և էմիր Հուսեյն բին Ալին մահմեդական ականավոր առաջնորդներից էր, ով գործում էր հայերի ֆիզական բնաջնջման դեմ և կոչ էր ա նում իր հպատակներին պաշտպանելու հայերին այնպես, ինչպես կպաշտպանեին իրենք իրենց և իրենց երեխաներին: Հայերի զանգվածային ոչնչացմանը 1919-1921թթ. թուրքական մամուլում անդրադարձել են այնպիսի հայտնի թուրք հասարակական գործիչներ, ինչպիսիք են Ռեֆի Ջևադը, Ահմեթ Ռևֆիկ Ալթընայը: Շատ մահմեդական պատմաբաններ են բնորոշում հայերի կոտորածները որպես ցեղասպանություն, իսկ արաբ պատմաբան Մուսա Փրինսը օգտագործել է «արմենոցիդ» եզրույթը' բնորոշելով այն որպես «ամենացեղասպան ցեղասպանություն»:Շարունակությունն՝ այստեղ:
***
«Աշխարհների պատերազմը»' Ուելսում
Ըստ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքների, Ուելսում ընդունվել է 112 կետից բաղկացած հռչակագիր, որտեղ տեղ է գտնվել աշխարհի գրեթե բոլոր երկրների համար, այդ թվում' Իրաքի, Աֆղանստանի, Կոսովոի, ինչպես նաև նույնիսկ սեռական բռնությունից տուժած կանանց համար:
Պատմության մեջ գագաթնաժողովը կհիշվի Ուկրաինայի նախագահ Պորոշենկոյի «ձայնով», ով հայտարարել է Ուկրաինայում հրադադարի և խաղաղ գործընթացի սկիզբը:
Ուկրաինան դարձել է գագաթնաժողովի հիմնական թեման. մնացած բոլորը «ստվերում» են եղել: Դոնբասի հակամարտությանն էին նվիրված գագաթնաժողովի հռչակագրի հիմնական կետերը, որի տակ ստորագրել են 28 պետությունների կառավարությունների ղեկավարները, դաշինքի անդամները:
Հռչակագրում Ռուսաստանը դիտողություն է ստացել անջատողականներին սատարելու, միջազգային իրավունքի հանդեպ անհարգալից վերաբերմունքի, Ղրիմ-թաթարական փոքրամասնությունների խտրականության համար, որոնք գարնանը միախմբվել են թերակղզում:
Մասնավորապես, պատասխանելով «Gazeta.Ru»-ի հարցերին, Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչուսը իր կասկածն է արտահայտել Պուտինի խաղաղ նախաձեռնության անկեղծության հարցում, ասելով, որ Եվրոպայում ավելի քիչ են նրանք, ովքեր հավատում են Ռուսաստանի նախագահին:
«Նրանց շարքերը նվազում են»,- նշել է նախարարը:
Ռուսաստանը չի հարգում ոչ միայն Ուկրաինային, այլ իր գործընկերներից ոչ մեկին»: Սակայն Լուկյավիչուսը նշել է, որ չնայած Ռուսաստանի հետ համաձայնության հավատը թույլ է, չարժե սկզբունքորեն մերժել այդ հնարավորությունը:
***
Սպանություն' Մարալիկում
Սեպտեմբերի 5-ին, ժամը 18.50-ին, ոստիկանության Անիի բաժնում ահազանգ է ստացվել, որ Մարալիկ քաղաքի բնակիչ, 1988 թ. ծնված Վահրամ Վարդևանյանը, որը տառապում է հոգեկան հիվանդությամբ, իրենց տանը, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ, խոհանոցային դանակով հարվածել է հոր' 1959 թ. ծնված Հարութ Վարդևանյանի (նույնպես հոգեկան հիվանդ) որովայնին և սպանել նրան:
Մեկնած օպերատիվ խումբը տանը հայտնաբերել է Հ. Վարդևանյանի դին:
Վահրամ Վարդևանյանը ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:
***
Էրդողանն ու Օբաման հանդիպել են Ուելսում
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանիդիայի Միացյալ Թագավորությունում կայացած Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակնրում կայացել է Թուրքիայի և ԱՄՆ նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Բարաք Օբամայի հանդիպումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Հանդիպման ընթացքում քննարկման հիմնական թեման է եղել մերձավորարևելյան իրադրությունը' մասնավորապես վիճակը Սիրիայում և Իրաքում: Շուրջ 1.5 ժամ տևած հանդիպման ժամանակ կողմերը համոզմունք են հայտնել Մերձավոր Արևելքում առկա ահաբեկչության դեմ համատեղ պայքարելու անհրաժեշտության վերաբերյալ:
Կողմերը վստահեցրել են, որ կապի մեջ կլինեն և հաջորդ անգամ արդեն կհանդիպեն Նյու Յորքում' ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ժամանակ:
***
Հունաստանի խորհրդարանում ցեղասպանության ժխտումը քրեականացող օրինագիծը քվեարկության կդրվի սեպտեմբերի 9-ին
Հունաստանի խորհրդարանում Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քվեարկությունը կկայանա երեքշաբթի' սեպտեմբերի 9-ին Հունաստանի ժամանակով 19:00-ին: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հունաստանում հրապարակվող «Ազատ օր» պարբերականի գլխավոր խմբագիր Հռիփսիմե Հարությունյանն ասաց, որ սեպտեմբերի 5-ին խորհրդարանում կայացել է բուռն քննարկում, հնչել են տասնյակ ելույթներ եւ փաստարկներ: &laqu o;Վերջնական քվեարկությունը նախատեսված է երեքշաբթի երեկոյան ժամը 7-ին Հունաստանի ժամանակով: Հույս ունենք, որ այս անգամ հետաձգումներ չեն լինի եւ օրենքը կընդունվի»,- ասաց Հռիփսիմե Հարությունյանը:
Շուրջ մեկ շաբաթ Հունաստանի խորհրդարանը քննարկում է «Այլատյացության դեմ պայքար» անունը կրող օրինագծի լրամշակված տարբերակը, որը պահանջում է Հունաստանի տարածքում քրեական պատասխանատվության ենթարկել ոչ միայն հրեաների, այլեւ հայերի եւ պոնտոսի հույների ցեղասպանության ժխտումը: Վեց կետից բաղկացած օրենքի նախագիծը նախատեսում է դրամական խոշոր տուգանք և բանտարկություն այն անձանց նկատմամբ, ովքեր դիտավորյալ կստորացնեն, կնվաստացնեն և կժխտեն միջազգային դատարաններում և Հունաստանի խորհրդարանի կողմից ճանաչված ցեղասպանությունները, մարդկության դեմ կատարված հանցագործությունները: Խորհրդարանի 101 պատգամավորներից 51-ի կողմ քվեարկելու պարագայում օրենքի նախագիծը կընդունվի: Հարությունյանի գնահատմամբ, հայ համայնքի հետ հանդիպումների ժամանակ պարզվել է, որ խորհրդարանի մեծամասնությունը կողմ է օրենքի ընդունմանը:
Հունաստանի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, իսկ ապրիլի 24-ը ճանաչել հիշատակի օր: Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին Հունաստանի կառավարությունը 3 խոշոր քաղաքներում կազմակերպում է հիշատակի միջոցառումներ:
***
Amnesty International-ն Ադրբեջանին կոչ է արել հարգել խոսքի ազատությունը
Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունն ահազանգել է ադրբեջանցի լրագրողի և իրավապաշտպանի նկատմամբ կիրառվող բռնությունների կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական Contact.az-ը, կազմակերպությունը հայտարարություն է արել' նշելով, որ օգոստոսի 21-ին վայրենաբար ծեծի ենթարկված անկախ լրագրող և իրավապաշտպան Իլգար Նասիբովը և նրա ընտանիքը շարունակում են մնալ վտանգի տակ:
Amnesty International-ի հայտարարության մեջ նշվում է, որ Նասիբովի նկատմամբ կիրառվող բռնությունները կապված են նրա լրագրողական և իրավապաշտպան գործունեության հետ:
Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին անհապաղ, արդյունավետ և անաչառ կերպով հետաքննել Նասիբովի վրա գործած հարձակումը, ինչպես նաև ապահովել երկրում խոսքի և ազատ արտահայտման իրավունքը:
***
Ավտովթար' Սպիտակ-Ապարան ավտոճանապարհին. ճանապարհը դարձել էր միակողմանի երթևեկելի
Սեպտեմբերի 6-ին, ժամը 09.37-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բեռնատարը կողաշրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Դեռևս չբացահայտվաց հանգամանքներում՝ «Մ-3» միջպետական ավտոճանապարհի Սպիտակ-Ապարան հատվածի 15 կմ-ում, «Ամեգաս» ՍՊԸ-ին պատկանող «ՄԱՆ» մակնիշի 960 LL 62 պետհամարանիշի (վարորդ՝ Հ. Հ.) բեռնատարը թեքվել է, ինչից ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:
Հրշեջ-փրկարարներն ուղղել են բեռնատարը:
***
Սուրեն Խաչատրյանը իր՝ Սյունիքի մարզպետ նշանակվելու մասին
Կառավարության որոշմամբ՝ օրեր առաջ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ Վահե Հակոբյանը կնշանակվի Ջրային տնտեսության պետական կոմիտեի պետի պաշտոնում:
Վահե Հակոբյանը Սյունիքի մարզպետ էր նշանակվել 2013 թվականի հուլիսին: Խոսակցություններ կային, որ իշխանությունները դժգոհ են մարզպետի պաշտոնում Հակոբյանի աշխատանքից: Ինքը՝ նախկին մարզպետը, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պաշտոնավարման ընթացքում, իհարկե, ունեցել եմ և՛ սխալներ, և՛ բացթողումներ, բայց ինձ ոչ ոք չի կարող մեղադրել անտարբերության մեջ: Արել եմ հնարավորը»:
Եվ ահա, ակտիվորեն խոսակցություններ են շրջանառվում, որ մարզպետի թափուր պաշտոնին նշանակվելու է Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը:
Որքանով են հավաստի տարածվող խոսակցությունները, Orer.am-ը փորձեց պարզել հենց Խաչատրյանից: «Իմ՝ մարզպետի պաշտոնից հեռանալուց հետո ինչքան պաշտոն ազատվեց՝ լրատվամիջոցները ինձ «նշանակեցին» այնտեղ: Ես որևէ առաջարկ չեմ ստացել, խոսակցությունները իրականության հետ որևէ առնչություն չունեն»,- փոխանցեց Սյունիքի նախկին մարզպետը:
***
Վարչապետի մոտ մեկնարկել են ՀՀ 2015 թ. պետբյուջեի նախագծի նախնական տարբերակի քննարկումները
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ մեկնարկել են ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական տարբերակի քննարկումները: Հանրապետության գործադիր մարմինների ղեկավարները մեկ շաբաթվա ընթացքում կներկայացնեն առաջարկություններ «ՀՀ 2015թ. պետբյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի տեքստային մասի նախնական տարբերակի վերաբերյալ:
Ըստ ընթացակարգի՝ վարչապետի մոտ տեղի են ունենում նախնական տարբերակի քննարկումներ բոլոր գերատեսչությունների հետ, ինչի արդյունքում ամբողջական տեսքի է բերվելու բյուջեի նախագիծը և ներկայացվելու է Ազգային Ժողով:
***
Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1600 կրակոց
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, օգոստոսի 31-ից սեպտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1600 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
***
Վիճաբանություն' ավտոմեքենան արագ վարելու և բակում փոշի բարձրացնելու պատճառով
Սեպտեմբերի 4-ին, ժամը 20.40-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Այնթապ գյուղում վիճաբանություն է տեղի ունենում: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ավտոմեքենան արագ վարելու և իրենց տան բակում փոշի բարձրացնելու համար 1963 թ. ծնված Ռուբիկ Բ.-ն վիճաբանել է 1980 թ. ծնված Արթուր Ղ.-ի հետ:
Արդյունքում՝ տանտերը ձեռքով հարվածել է վարորդի դեմքին: Վերջինիս տրվել է դատաբժշկի ուղեգիր: Ձեռնարկվում են միջոցառումներ Ռուբիկ Բ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն:
***
«Վերահսկիչ պալատը չի ընդունում փաստերի միակողմանի լուսաբանման սուբյեկտիվ մոտեցումը»
Սեպտեմբերի 2-ին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրել է ՀՀ Վերահսկիչ պալատի 2013 թ. տարեկան հաշվետվությունը: Հաշվետվության մեջ «Հայկական միրգ» և «ԱՐԱԼԵՌՏՈՏ» ընկերությունների գործունեության վերաբերյալ ՀՀ Վերահսկիչ պալատի հայտնաբերած փաստերին էր անդրադարձել «Արմնյուզ» հեռուստաընկերությունը: Այս կապակցությամբOrer.am-ը կապ հաստատեց Վերահսկիչ պալատի մամուլի քարտուղար Արամ Ալավերդյանի հետ:
«Վերահսկիչ պալատը չի ընդունում փաստերի միակողմանի լուսաբանման որևէ լրատվամիջոցի սուբյեկտիվ մոտեցումը: Ուզում եմ ձեզ հայտնել, որ առաջիկայում Վերահսկիչ պալատը մանրամասնորեն կանդրադառնա այդ երկու ընկերությունների գործունեության մեջ ՎՊ հայտնաբերած խախտումներին՝ տարընթերցումներից և լրագրողական կամայականություններից խուսափելու համար, կներկայացվեն նոր մանրամասներ»,- նշեց Արամ Ալավերդյանը:
***
Ատրճանակ և փամփուշտներ՝ այգու շատրվանների մոտ, դիտահորում
Սեպտեմբերի 5-ին, ժամը 17.35-ին, մի քաղաքացի զանգահարել է ոստիկանության Կենտրոնականի բաժին և հայտնել, որ Մ. Մանուշյանի անվան այգու շատրվանների մոտ' ջրի դիտահորի մեջ, զենք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը ջրատարի դիտահորի մեջ, տոպրակում, հայտնաբերել է ՙSAUER» տիպի ատրճանակ' պահունակով, և 7.65 մմ տրամաչափի 16 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
***
«Մենք սկսում ենք քաղաքական նոր ու ավելի ակտիվ շրջան». Սերժ Սարգսյան
Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գրասենյակում այսօր տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որին հաջորդել է ՀՀ կառավարության նիստերի մեծ դահլիճում կայացած՝ ՀՀԿ խորհրդի նիստը:
Օրակարգի շրջանակներում քննարկվել են ամառվանից հետո սկսված քաղաքական նոր շրջանին ընդառաջ ներկուսակցական, կազմակերպչական և ընթացիկ այլ հարցեր:
Նիստում ելույթ են ունեցել խորհրդի մի շարք անդամներ, որից հետո ակտիվ քննարկում է ծավալվել ամենատարբեր հարցերի շուրջ:
ՀՀԿ նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը կուսակցության խորհրդի անդամներին ուղղված իր խոսքում անդրադարձել է կուսակցության ծրագրերի իրականացման ուղղությամբ առաջիկա անելիքներին և դրանցում կուսակցական կառույցների, խորհրդարանում մեծամասնություն կազմող «Հանրապետական» խմբակցության, կառավարության դերակատարությանն ու պատասխանատվությանը:
Սերժ Սարգսյանն իր կուսակցական ընկերներին ներկայացրել է նաև մեր երկրի արտաքին քաղաքականության որոշ ուղղություններով վերջին զարգացումներն ու առկա մարտահրավերները, համատեղ ուժերով և ակտիվ մասնակցությամբ դրանց դիմակայելուն ուղղված անհրաժեշտ աշխատանքները, ինչպես նաև սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի հասարակական լայն քննարկումներից հետո նախատեսվող հետագա գործընթացները:
«Հարգելի գործընկերներ, մենք սկսում ենք քաղաքական նոր ու ավելի ակտիվ շրջան, և ինչպես ընդունված է քաղաքականության մեջ՝ մենք սկսում ենք քաղաքական նոր սեզոն: Խորհրդարանում, կառավարությունում, տեղական ինքնակառավարման մարմիններում և ընդհանրապես մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքում վճռորոշ է հանրապետականների դերակատարությունը, հետևաբար՝ ամառային ավելի հանգիստ և համեմատաբար պասիվ ամիսներից հետո մենք պետք է հնարավորինս արագ վերականգնենք մեր ակտիվ աշխատանքային միջավայրն ու նոր թափ հաղորդենք մեր ծրագրերի իրականացմանը։
Խորհրդարանական մեր խմբակցության աշխատանքը, ինչպես միշտ, լինելու է թե ողջ հասարակության և թե մեր առանձնահատուկ ուշադրության կենտրոնում: Ես գիտեմ, որ մեր խմբակցությունում և ընդհանրապես խորհրդարանում ամառային ամիսներին էլ բավականաչափ ակտիվ աշխատանք է իրականացվել, օրենքների նախագծեր են մշակվել, միջազգային համագործակցության խորացման ուղղությամբ են աշխատանքներ կատարվել, հատկապես մեծ աշխատանք է իրականացվել կուսակցական տեղական կառույցների հետ ուղիղ և հետադարձ կապի ամրապնդման ուղղությամբ:
Ինձ դուր է գալիս այն ակտիվությունը, որով դուք աշխատում եք Լեռնային Ղարաբաղի և նրա ղեկավարության հետ: Պետք է ասեմ, որ շատ բարձր եմ գնահատում բոլոր պատգամավորների և բնական է, առաջին հերթին մեր պատգամավորների ակտիվությունը հուլիսի վերջին, օգոստոսի սկզբին, երբ մեր սահմաններում լարվածություն կար և երբ ձեզնից շատ-շատերը գնացին առաջին գիծ, գնացին սատարելու մեր զինվորներին, և մենք բոլորս միասին ունեցանք հաջողված, եթե կարելի է այսպես ասել՝ այդ փուլի ավարտ:
Բայց այս ամենը, իհարկե, ես դիտարկում եմ որպես ամառային ռեժիմի մաս, ամառային ռեժիմի համատեքստում եմ դիտարկում սա, և հիմա մենք պետք է գործենք քառապատիկ ավելի ծավալով ու ջանքով: Ես, առաջին հերթին, դիմում եմ մեր պատգամավորներին և շեշտում, որ այսօրվանից ձեր բոլոր անձնական կամ ոչ անձնական այլ խնդիրներն ու ծրագրերը դնում եք մի կողմ, մղում երկրորդ պլան: Խորհրդարանի բնականոն աշխատանքի ապահովումը, մեր ծրագրերի իրականացմանը միտված օրենսդրական գործունեությունը բոլորդ միանշանակ համարում եք ձեր առաջնահերթ խնդիրը:
Ամենագլխավոր խնդիրը պատգամավորի համար օրենսդրական գործունեությունն է, մնացած բոլոր խնդիրները, այդ թվում՝ նաև անձնական, ես հասկանում եմ, բոլորս էլ մարդ արարած ենք, բոլորս էլ հարցեր, խնդիրներ ենք ունենում, բայց այն իրավիճակում, որն այսօր ստեղծվել է, օրենսդիր գործունեությունը ես համարում եմ ձեր կարևորագույն խնդիրը: Խորհրդարանի աշխատանքներին մատների արանքով նայելը կամ խորհրդարանի աշխատանքներից բացակայելն անթույլատրելի է: Այդպիսի մարդիկ ինձ համար նման են այն զինվորներին, ովքեր թողնում են խրամատը:
Մեր երկրում բազմաթիվ խնդիրներ կան լուծելու, մենք հազարավոր ծրագրեր ունենք իրականացնելու, և ձեր բոլորի կռվի դաշտը և ձեր խրամատն էլ խորհրդարանն է, ձեր կռիվը' օրենսդիր աշխատանքը, ձեր թշնամին' մեր ժողովրդի հոգսերն են, մեր երկրում եղած պրոբլեմներն են: Եթե զինվորը լքում է խրամատը, ապա գրոշի արժեք չունի, թե այդ ընթացքում այդ զինվորը ինչ աշխարհացունց այլ աշխատանք է կատարում: Եվ եթե զինվորը խրամատում է ու չի կրակում անհրաժեշտ պահին, այդ զինվորն էլ գրոշի արժեք չունի: Խորհրդարանականի կարևորագույն խնդիրն է՝ մասնակցել աշխատանքներին, առաջին հերթին՝ նստաշրջաններին և քվեարկել այնպես, որպեսզի մեր ծրագրերն իրականանան:Շարունակությունն՝ այստեղ:
***
Նյուպորտում ադրբեջանա-թուրքական գործարքը չկայացավ. Շարմազանով
Նյուպորտում Սարգսյան-Քերի-Ալիև հանդիպման ընթացքում արձանագրվել է մի շարք կարևոր փաստեր: Այս մասին ՀՀԿ խորհրդի նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Առաջին փաստն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Արձանագրվել է, որ հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Եվ կարող ենք ասել , որ սա հստակ մեսիջ էր՝ ուղղված բռնատիրական Ադրբեջանին և նրա հովանավոր Թուրքիային»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Շարմազանովը:
Երկրորդ կարևոր փաստը, որն արձանագրվել է հանդիպման ընթացքում այն հանգամանքն է, որ Մինսկի խմբի ձևաչափը որևէ փոփոխության ենթակա չէ: «Սա նույնպես հստակ մեսիջ էր Ադրբեջանին և նրա բարեկամ ու շահերի պաշտպան Թուրքիային, որոնք փորձում են հասնել Մինսկի խմբի ձևաչափի փոփոխությանը: Սակայն վերջին եռակողմ հանդիպման ընթացքում արձանագրվեց, որ այդ ձևաչափը որևէ փոփոխության ենթակա չէ»,- ասաց Շարմազանովը:
Շարմազանովն ընդգծեց, որ ընդհանուր առմամբ կարելի է արձանագրել, որ Թուրքիայի և Ադրբեջանի նպատակներն իրականություն չդարձան:
«Իհարկե, ես այն կարծիքին չեմ, որ Նյուպորտում ընդունված հռչակագիրը մեզ համար ամբողջությամբ ընդունելի է, քանի որ այնտեղ կան կետեր, որոնք չեն բխում մեր շահերից և իրականության հետ կապ չունեն, սակայն եթե այն համեմատենք նախորդ տարվա հռչակագրի հետ, կտենսնեք, որ այս հռչակագրում բացակայում է Լեռնային Ղարաբաղի հակամարտություն տերմինը, հղում է կատարվում ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի վրա, ինչպես նաև Հռչակագրում ևս նշվում է խնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին»,- ասաց Շարմազանովը՝ ընդգծելով, որ ադրբեջանա-թուրքական գործարքը չիրականացավ և նրանց ցանկությունը՝ փոխել ձևաչափը, ճնշում գործադրել խաղաղ բանացությունների վրա, շարունակել ռազմատենչ հռետորաբանությունը իրականություն չդարձան:
Միևնույն ժամանակ Շարմազանովը կարևորեց նաև այն հանգամանքը, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում իր ելույթում այդ բարձր ամբիոնից Ադրբեջանի ղեկավարին անվանեց բռնապետ, նրա երկիրը բռնապետություն, իսկ Թուրքիային՝ Ադրբեջանի շահերի պաշտպան: «Ես կարծում եմ, որ սա էլ շատ կարևոր էր, որովհետև դա արվեց բոլորի ներկայությամբ»,- եզրափակեց Շարմազանովը:
Նյուպորտում սեպտեմբերի 4-ին կայացել է Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի եռակողմ հանդիպումը: Հանդիպումը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլին և հեռանկարին վերաբերող հարցեր: Կողմերը ներկայացրել են իրենց երկրների դիրքորոշումները բանակցային գործընթացում:
Պետքարտուղար Քերին իր խոսքում ևս մեկ անգամ ընդգծել է հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը, իրավիճակի լա րման բացառումը և կոչ է արել գտնել մեխանիզմներ՝ հակամարտության լարման թուլացման և կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման համար:
Ջոն Քերին կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով բանակցությունների շարունակումը և իր պատրաստակամությունը հայտնել հնարավորինս աջակցելու հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղիների որոնմանը: ԱՄՆ պետքարտուղարը միաժամանակ ընդգծել է, որ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու գործում չափազանց կարևոր է կողմերի քաղաքական կամքը:
***
Ուկրաինայում ուժի մեջ է մտնում հրադադարը
Ուկրաինայից ստացվող հաղորդագրությունների համաձայն, երկրի արևելքի ռուսամետ անջատականները և կառավարական ուժերը հիմնականում պահպանում են հրադադարի ռեժիմը, որը ուժի մեջ է մտել սեպտեմբերի 5-ին, ժամը 18:00-ից:
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հայտարարել է, որ այժմ կարևոր է սկսել աշխատանքը շուրջ 2600 մարդու կյանք խլած հակամարտության երկարաժամկետ կարգավորման ուղղությամբ:
Ըստ Ազատություն կայքի՝ ռուսամետ ապստամբները հայտարարել են, որ հրադադարի հաստատումը չի փոխում Ուկրաինայից անջատվելու իրենց մտադրությունը:
Արևմուտքը Ռուսաստանին մեղադրում է անջատականներին ռազմական աջակցություն ցուցաբերելու մեջ, սակայն Մոսկվան հերքում իր ուղղակի ներգրավվածությունը այս հակամարտության մեջ:
Չնայած հրադադարի հաստատմանը, Եվրամիության դեսպանները սեպտեմբերի 5-ին համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները, որոնց ընդունման հարցը պաշտոնապես քննարկվելու է սեպտեմբերի 8-ին: Դիվանագետները, սակայն, նշել են, որ սանկցիաների ընդունումը կարող է կասեցվել, եթե հրադադարի ռեժիմը պահպանվի, և եթե Ռուսաստանը զորքերը դուրս բերի Ուկրաինայից:
***
Ղարաբաղի ԶՈՒ կողմից գերված ադրբեջանցին շրջանի փոխոստիկանապետի որդին է
Ադրբեջանական մամուլը որոշ մանրամասներ է հայտնում Ադրբեջանի գերեվարված քաղաքացի Ջավիդ Մամեդովի մասին:
Ինչպես նշվում է news.am կայքում՝ ANS PRESS-ի տվյալով Ջավիդ Սամիրօղլուն ապրում է Թարթառի շրջանում՝ Գաչայ Մեհդիեւի փողոցում: Նախնական վարկածով՝ նա Թարթառի շրջանի ճանապարհային ոստիկանության պետի տեղակալի որդին է:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ սեպտեմբերի 5-ին ժամը 18.10-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան (Վերին Չայլու) ուղղությամբ ԼՂՀ պետական սահմանն անցնելու փորձ կատարելու ժամանակ ՊԲ դիրքապահների կողմից գերեվարվել է Ադրբեջանի քաղաքացի Մամեդով Ջավիդ Սամիրօղլուն: