«Mediamall.am»  լրատվականը ներկայացնում է անցնող օրվա առավել ուշագրավ տեղեկատվությունը.


Պատահար Աբովյան փողոցում

 

ՀՀ ԱԻՆ-ում սեպտեմբերի 8-ին' ժամը 21.16-ին, քաղաքացի Բաբայանից ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 21 շենքի մոտակայքում ավտոմեքենան կողարջվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Նիսսան» մակնիշի 77ZQ717 պ/հ ավտոմեքենան բախվել է ճամփեզրի արգելապատնեշին և կողաշրջվել, ինչից վարորդ Ք. Ա.-ը (1976թ.), ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հոսպիտալացվել է Հերացու անվան թիվ 1 հիվանդանոցային համալիր: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

 

***

 

Զինծառայողի մահվան փաստով ժամկետային զինծառայող է ձերբակալվել

 

Սեպտեմբերի 8-ին, ՀՀ ՊՆ N զորամասում ծնոտի շրջանում մահացու հրազենային մարմնական վիրավորում ստացած ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Սեյրանի Հարությունյանի մահվան փաստով ձերբակալվել է ժամկետային զինծառայող, շարքային Վարդան Վրեժի Դավթյանը: Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանը:

 

Վարդան Վրեժի Դավթյանը ձերբակալվել է ՀՀ քր.օր-ի 110 հոդ. 1-ին մասի (ինքնասպանության հասցնելը) հատկանիշներով հարուցված քրեական գործով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով           (Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրան ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ զուգորդվել է բռնություն գործադրելով):

 

 

***

 

 

Իջևանում սպանության փորձ է կատարվել

 

 

Ոստիկանության Իջևանի բաժնում սեպտեմբերի 9-ին' ժամը 03.30-ին, 1974թ. ծնված Կարեն Ա.-ն հաղորդում է տվել, որ նախորդ օրը երեկոյան' ժամը 23.50-ի սահմաններում, Իջևան քաղաքի Աբովյան փողոցում գտնվող, իրեն պատկանող սրճարանում 1961թ. ծնված Աղվան Մ.-ն և նրա որդին' 1989թ. ծնված Էդգար Մ.-ն, իր և աշխատակցուհի Մարիետա Մ.-ի հետ անհիմն վիճաբանության մեջ են մտել, հայհոյել, իսկ Էդգար Մ.-ն գարեջրի շշով հարվածել է իր պարանոցին և փորձել դանակահարել:

 

Նրանց հեռանալուց մոտ 10 րոպե անց Էդգար Մ.-ն միայնակ հետ է վերադարձել և ձեռքին եղած մեկփողանի, կարճեցված փողով հրացանով փորձել սպանել Կարեն Ա.-ին, սակայն մտադրությունը չի կարողացել ավարտին հասցնել, քանի որ զենքը ձեռքից ուժի գործադրմամբ վերցնելու ընթացքում, քաշքշուկի ժամանակ, դեպի օդ կրակոց է արձակվել, ինչից հետո Կարեն Ա.-ն հրացանը ներկայացրել է բաժին:

Աղվան Մ.-ն բերման է ենթարկվել բաժին: Ձեռնարկվում են միջոցառումներ Էդգար Մ.-ին հայտնա բերելու ուղղությամբ: Հրացանն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է նախաքննություն:

 

***

 

Եղիա Ներսեսյանին բերման են ենթարկել

 

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, Նախախորհրդարանի և Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Եղիա Ներսեսյանը որպես վկա բերման է ենթարկվել ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան՝ 2012 թ. սեպտեմբերին «Խոսրովի անտառ» արգելոցում Կարմիր գրքում գրանցված կենդանիների' կովկասյան արջի և բեզոարյան այծի ապօրինի որսի գործով:

Հիշեցնում ենք, որ բնապահպանների, այդ թվում՝ Եղիա Ներսեսյանի ջանքերով հայտնաբերված որսագողության այս դեպքի քննությունը կատարվում է միակողմանի և ուղղորդված կերպով: Հանցագործության իսկական մեղավորներին բացահայտելու և պատժելու փոխարեն քրեական հետապնդման է ենթարկվում Գառնի գյուղի բնակիչ, 1983 թ. ծնված Նորայր Սարգսյանը: Մինչդեռ նա և նրա ընտանիքի անդամները հերքում են որսագողության հետ նրա առնչության հանգամանքը:

Զուգահեռաբար՝ մեղադրող կողմը ձգտում է բնապահպաններին, տվյալ դեպքում՝ Եղիա Ներսեսյանին, ներքաշել այս շինծու քրեական գործի մեջ՝ բնապահպանների և ազդակիր օբյեկտների հետ առնչություն ունեցող քաղաքացիների միջև արհեստական հակասություններ ստեղծելու նպատակով:

Նախախորհրդարանի քարտուղարություն

 

***

 

ՌԴ-ի դեմ պատժամիջոցները կհանվեն, եթե Ուկրաինայում խաղաղություն լինի. Մերկել

 

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելըinforadio-ի եթերում հայտարարել Է, որ եթե Ուկրաինայում խաղաղ կարգավորման պլանն իրագործվի, ապա կարելի Է խոսել ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները հանելու մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

«Մենք ցանկանում ենք տեսնել իրական գործողություններ: Դա նշանակում Է, որ միայն խաղաղ պլանը բավարար չԷ: Եթե այն իրագործվի, ապա հնարավոր կլինի խոսել պատժամիջոցները հանելու մասին: Բայց սկզբում մենք կցանկանայինք պարզորոշ հասկանալ տալ, որ այն, ինչ տեղի ունեցավ Ուկրաինայի արեւելքում, եւ, հուսով եմ, շուտով կավարտվի՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականության խախտումը եւ այսպես կոչված անջատականների հետ Ռուսաստանի համագործակցությունը, մենք չենք ընդունում: Երկխոսության ճանապարհը բաց Է մնում: Մենք այսուհետեւ Էլ կվարենք այդ բանակցությունները, բայց նախ պետք Է կատարվեն խաղաղ պլանի 12 կետերը»,-ասել Է նա:

 

Կանցլերը նաեւ նշել Է, որ Ռուսաստանի տնտեսության դեմ պատժամիջոցները Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի գործողություններին արձագանքելու միակ հնարավորությունն են, քանի որ հենց սկզբից Էլ հասկանալի Էր, որ այդ հակամարտությունը ռազմական լուծում չունի: «Եթե մենք ամեն ինչ ինքնահոսի մատնեինք, ապա այն վնասը, որը կկրեինք մենք, այդ թվում՝ մեր տնտեսությունը, ավելի մեծ կլիներ, բայց հստակ հասկանալ ենք տալիս, որ եթե վերադառնանք նորմալ հարաբերությունների, ապա պատժամիջոցները, իհարկե, կհանվեն»,-հայտարարել Է Մերկելը:

 

Կանցլերը նաեւ ընդգծել Է, որ այսուհետեւ Էլ ջանքեր Է գործադրելու Ռուսաստանի եւ Ուկրաինայի ղեկավարության միջեւ շփումները կարգավորելու համար: Բացի այդ, նա ասել Է, որ Ռուսաստան-ՆԱՏՕ Հիմնարար ակտն ուժի մեջ Է մնում. «Մենք չենք ցանկանում այն չեղարկել, մենք ցանկանում ենք ասել, որ այն մեզ համար մնում Է հիմք եւ Ռուսաստանի հետ համագործակցելու առաջարկություն», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

***

 

Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել ՊՆ-ի, ԵԿՄ-ի և ԿԳՆ-ի միջև

 

Սեպտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողություն:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության, կրթության և գիտության նախարարություններն ու «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպությունը կնքել են փոխըմբռնման հուշագիր, ըստ որի նախատեսվում է Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատություններում ստեղծել «Պատանի երկրապահ» հայրենասիրական ակումբներ և ըստ ամենայնի օժանդակել նրանց արդյունավետ գործունեության իրականացմանը:

Հանդիպմանը բացման խոսքով հանդես է եկել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Պետության և հասարակության զարգացման նպատակով կարևորելով աճող սերնդի հայրենասիրական դաստիարակության անհրաժեշտությունն ու կարևորությունը հանրակրթական ուսումնական հաստատություններում, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ նոր ստեղծվելիք ակումբները կդառնան Արցախյան գոյամարտի պատմության ուսումնասիրման և մեր նորօրյա հերոսների մեծարման այն օջախները, որոնք կնպաստեն պատանիների հայրենագիտակցության առավել զարգացմանը, ինչպես նաև միտված կլինեն ազգային հոգեկերտվածքով ու հայրենապաշտ քաղաքացի դաստիարակելուն:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանն էլ հավելել են, որ այսօր ունենք գիտակից, կրթված և հայրենասիրական բարձր գիտակցությամբ երիտասարդություն: Ուստի անհրաժեշտ է ջանք ու եռանդ չխնայել ոչ միայն եղածը պահպանելու, այլև ավելի կատարելագործելու համար, ընդլայնել դպրոցականների' հայրենաճանաչողությանն ու հայրենագիտությանն առնչվող հետաքրքրությունների ու նախասիրությունների բավարարման հնարավորությունները:

 

***

 

Հետախուզվող թուրք «Դոկտոր Ֆրանկենշտեյնը» բերման է ենթարկվել

 

Ազգությամբ թուրք բժիշկ Յուսուֆ Սոնմեզը, ով մեղադրվում էր Ադրբեջանում և Կոսովոյում օրգանների ապօրինի փոխպատվաստման մեջ, բերման է ենթարկվել Ստամբուլում: Այս մասին հայտնել են թուրքական ԶԼՄ-ները:

«Սև վիրաբույժ» Սոնմեզը, ով նաև հայտնի է «Դոկտոր Ֆրանկենշտեյն» և «Յուսուպ» մականուններով, երեքշաբթի օրը երեկոյան վերցվել է կալանքի տակ: NTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ չորեքշաբթի առավոտյան նրան պաշտոնական մեղադրանք է առաջադրվել:

Առաջին անգամ Սոնմեզի անունը հայտնի է դարձել 1990-թ.ին, երբ նա երեք անգամ կալանավորվել է՝ Թուրքիայում օրգանների ապօրինի փոխպատվաստման համար: 2007թ.-ին նա դատապարտել է մեկ տարվա ազատազրկման՝ մարդկային օրգանների փոխպատվաստման մաֆիայի առաջատարը լինելու մեղադրանքով: Պատիժը հետաձգվել է, քանի որ ուժի մեջ է մտել դատավճռի հետաձգման օրենքը, եթե ազատազրկման ժամկետը չի գերազանցում երկու տարին, գրում է «Միլիեթ» թերթը:

Մեկ տարի անց «սև թուրք վիրաբույժը» հեռակա կարգով Կոսովոյում դատապարտվել է ութ տարվա ազատազրկման՝ կրկին օրգանների ապօրինի փոխպատվաստման համար:

Նախորդ տարվա օգոստոսին Սոնմեզի անունն Ադրբեջանում սկսվեց շոշափվել մարդու օրգանների թրաֆիքինգի հետ կապված:
2010 թվականի նոյեմբերին Եվրամիության դատախազությունը մեղադրանք է առաջադրել յոթ կասկածյալի՝ նույն գործով: Նրանց թվում էր նաև թուրք բժիշկը: Ամբաստանյալներն օրգանները ձեռք են բերել Մոլդովայի, Ղազախստանի, Ռուսաստանի և Թուրքիայի անապահով բնակիչներից 20 հազար դոլարով և փոխպատվաստել դրանք Կանադայի, Գերմանիայի, Լեհաստանի և Իսրայելի քաղաքացիներին 100-137 հազար դոլարով: 2008 թ.-ի ընթացքում կատարվել է օրգանների ապօրինի փոխպատվաստման մոտ 20 վիրահատություն: Սոնմեզի հետ միասին հանցավոր խմբի մեջ են նաև Կոսովոյի վարչապետը և Իսրայելի ու Թուրքիայի բժիշկները: Այս մասին հաղորդել են թուրքական ԶԼՄ-ները:

Սոնմեզին կալանավորելու որոշումն ընդունվել է նրա՝ Ստամբուլ վերադառնալուց հետո:

 

***

 

Վլադիմիր Գասպարյանը տոնում է ծննդյան տարեդարձը

 

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր տոնում է ծննդյան 56-րդ տարեդարձը:

 

Mediamall.am-ի խմբագրակազմը շնորհավորում է ոստիկանապետին և մաղթում նորանոր հաջողություններ:

 

Կենսագրական տվյալներ.

 

Ծնվել է 1958թ. սեպտեմբերի 9-ին Էստոնիայի Հանրապետության Տալլին քաղաքում:

 

1976-1978 թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում:

 

1982-1995թթ. ծառայել է ՆԳՆ (Ոստիկանության) համակարգում:

 

1989թ. ավարտել է ԽՍՀՄ ՆԳՆ քննչական բարձրագույն դպրոցը:

 

ՀՀ զինված ուժերում է 1997թ.-ից:

 

1997թ. ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչության պետ:

 

2001թ. – ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է «գեներալ-մայոր» զինվորական կոչում:

 

2010թ. – ՀՀ Նախագահի հոկտեմբերի 2-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ:

 

2011թ. – ՀՀ Նախագահի սեպտեմբերի 3-ի հրամանագրով շնորհվել է «գեներալ-լեյտենանտ» զինվորական կոչում:

 

2011թ.-– ՀՀ Նախագահի նոյեմբերի 1-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ:

 

Պարգևատրվել է' «Մարշալ Բաղրամյան», «Արիության», «Դրաստամատ Կանայան», «Վազգեն Սարգսյան», «Համագործակցության ամրապնդման համար», «Անբասիր ծառայության համար» I և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալներով:

 

Ամուսնացած է, ունի 4 երեխա:

 

 

***

 

 

Կարմիր խաչի պատվիրակներն Ադրբեջանում այցելել են հայ գերուն

 

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները հանդիպել են Ադրբեջանում գերության մեջ գտնվող ՀՀ քաղաքացուն' Սարգիս Անանյանին: Այս մասին «Արմենպրես»-ի-ի հետ զրույցում հայտնեց ԿԽՄՀ երևանյան գրասենյակի հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակի ց Հասմիկ Գալստյանը: «Սեպտեմբերի 8-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակներն այցելել են Հայաստանի քաղաքացուն: Գերու ընտանիքի անդամներն ու Հայաստանի իշխանությունները տեղեկացվել են այցի մասին»,- ասաց Հասմիկ Գալստյանը:

Ադրբեջանական լրատվամիջոցները սեպտեմբերի 1-ին հայտնել են իրենց կողմում հայտնված հայ գերու մասին: Նա Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի բնակիչ, 1961թ. ծնված Սարգիս Նորիկի Անանյանն է, ով հատել է հայ-ադրբեջանական սահմանն ու հայտնվել Ղազախ գյուղում: Սարգիս Անանյանի լուսանկարն ու մի տեսանյութ է հրապարակել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

Ադրբեջանական կողմը պնդում է, որ Սարգիս Անանյանը հայ-ադրբեջանական սահմանը հատել է օգոստոսի 26-ին: Սարգիս Անանյանի' Նոյեմբերյանի հարևանները «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել են, որ վերջինս բնակվում է միայնակ և ադրբեջանական կողմի հրապարակած լուսանկարում ճանաչել են իրենց հարևանին: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Սարգիս Անանյանն առողջական լուրջ խնդիրներ ունի:

Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 5-ին'ժամը 18.10-ի սահմաններում, ԼՂՀ պետական սահմանն անցնելու փորձ կատարելու ժամանակ ՊԲ դիրքապահների կողմից գերեվարվել է Ադրբեջանի քաղաքացի Մամեդով Ջավիդ Սամիրօղլուն: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի պատվիրակները գերեվարման հաջորդ իսկ օրը հանդիպել էին ադրբեջանցի գերուն, նրան փոխանցել նամակ ընտանիքից եւ վերցրել նրանից նամակ' ընտանիքին հանձնելու համար:

 

***

 

Նախիջևանում զինվորը ժայռից ընկել և մահացել է

 

Ադրբեջանի զինված ուժերի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում տեղակայված զորամսերից մեկի զինվոր Քամրան Մաիլովը ժայռից ընկնելու հետեւանքով տեղում մահացել է: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է moderator.az լրատվական կայքը' հղում կատարելով Նախիջեւանում իր աղբյուրներին: Կայքը նշում է, որ դեռեւս հայտնի չեն դժբախտ պատահարի մանրամասները:

Ադրբեջանի լրագրողների ռազմական հետազոտությունների «Դոկտրինա» կենտրոնը հայտնել էր, որ սեպտեմբերի 1-ի դրությամբ' ընթացիկ տարում ադրբեջանական բանակի կորուստը կազմել է 77 զոհ, որոնցից 49 զինծառայող մահացել են ոչ մարտական պայմաններում, 117 զինծառայող էլ վիրավորվել կամ տարբեր վնասվածքներ են ստացել: Երեք հոգի զոհվել են ականի պայթյունից, 13 զինծառայող զոհվել են ավտովթարից, 2 հոգի' անհայտ պատճառով, 7 հոգի' ոչ կանոնադրական գործողությունների, 3 հոգի' դժբախտ պատահարների (ջրում խեղդվելու, էլեկտրական հոսանքահարման) արդյունքում, 9 հոգի մահացել են հիվանդությունից, 15 հոգի մահացել են ինքնասպանության եւ անզգուշության հետեւանքով:

 

***

 

Աշխարհազորայինների ու Կիևի միջև հրադադարը պահպանվում Է. Լավրով

 

Աշխարհազորայինների ու Կիեւի միջեւ հաստատված հրադադարն ընդհանուր առմամբ պահպանվում Է: Այդ մասին հայտնել Է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հավելելով, որ «կան միջադեպեր, եւ կողմերը մեղադրում են միմյանց», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ռուսական ԶԼՄ-ներին:

Այդուամենայնիվ, ՌԴ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով, Մոսկվան մտահոգված Է Ուկրաինայի առանձին շրջաններում զորքերի կուտակման կապակցությամբ: «Երեկ հաղորդումներ են ստացվել ուկրաինացի ուժայինների կողմից Դեբալցեւոյի շրջանում ծանր սպառազինությունների կուտակման մասին»,-ճշտել Է նա:

Նախարարը նաեւ հիշեցրել Է, որ ապրիլի 17-ի ժնեւյան համաձայնագրում խնդիր Էր դրված սկսել սահմանադրական բարեփոխման գործընթացը:

«Սահմանադրական բարեփոխումն առայժմ հետին պլան Է մղված, եւ ես չգիտեմ՝ Կիեւի իշխանությունները պատրաստվում են արդյոք վերադառնալ դրան»,-ընդգծել Է Լավրովը:

 

***

 

Կարո Կարապետյանն ԱԺ-ում օրենք է խախտում

 

Հինգերորդ գումարման Ազգային ժողովը երեկ սկսեց վեցերորդ նստաշրջանի աշխատանքները: Շատերն այն կարծիքին էին, որ աշնանային նստաշրջանը կարող է տարբերվել մյուս նստաշրջաններից, սակայն կան բաներ, որոնք անփոփոխ են մնացել. կիսադատարկ դահլիճում հարցերի քննարկումները, միայն դահլիճ մտնել գրանցվելը և քվեարկելը, և իհարկե, քվեարկելը ուրիշի փոխարեն: Այս շարքը, թերևս կարելի է շարունակել:

Այս անգամ բացակա ընկերոջ փոխարեն քվեարկողը ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանն էր (Յուվեցի Կարո):

Իսկ թե ինչպես է ԲՀԿ-ական պատգամավորն Ազգային ժողովում օրենք խախտում, առաջարկում ենք դիտել Լուրեր.com-ի տեսանյութում:

 

***

 

Բժիշկները տագնապ են հնչեցնում Էբոլայի համաճարակի տարածման կապակցությամբ

 

«Բժիշկներ առանց սահմանների» բարեգործական կազմակերպությունը տագնապ է հնչեցնում Լիբերիայում Էբոլա մահացու վտանգավոր տենդով հիվանդների աճող թվի պատճառով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Ինչպես հայտարարել են կազմակերպությունում, Լիբերիայի մայրաքաղաքում նրա գլխավոր բժշկական կենտրոնում բժիշկներն ամեն օր ստիպված են լինում մերժել բուժվելու համար իրենց դիմող հիվանդներին:

Կազմակերպության ներկայացուցիչ Սոֆի Ջեյն Մեդենը BBC-ին տված հարցազրույցում հայտնել է, որ իրադրությունը «քաոսային է եւ դուրս է եկել հսկողությունից»: Մեդենը կոչ է արել լրացուցիչ միջազգային օգնություն տրամադրել Լիբերիային:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ սեպտեմբերի 8-ին հրապարակված հայտարարության մեջ ասված Է, որ Լիբերիայում Էբոլա տենդի տարածումն առաջիկա շաբաթներին կհանգեցնի այդ հիվանդությամբ վարակման բազմաթիվ նոր դեպքերի: «Մենք առաջիկա երեք շաբաթվա ընթացքում Լիբերիայում սպասում ենք վիրուսով հիվանդանալու մի քանի հազար նոր դեպքերի»,- նշվում է փաստաթղթում:

Ներկայում Էբոլա տենդից մահվան դեպքերի շուրջ կեսը բաժին է հասնում Լիբերիային: Այդ երկրի հիվանդանոցներում տեղերը չեն բավականացնում այն մարդկանց համար, որոնք բուժվելու կարիք ունեն: Եվս մեկ խնդիր է բուժանձնակազմի պակասը:

Լիբերիայում, Գվինեայում եւ Սիեռա Լեոնեում Էբոլա վիրուսից արդեն ավելի քան երկու հազար մարդ է մահացել: Ընթացիկ տարվա փետրվարից Արեւմտյան Աֆրիկայի երկրներում վարակվածների թիվը հասել է գրեթե չորս հազարի:

 

***

 

Ադրբեջանը խոչընդոտում է ԼՂ հակամարտության կարգավորմանը. Էդուարդո Օչոան

 

«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան «Նոր արևելյան Եվրոպա» պարբերականում հրապարկել է հոդված, որում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խոչընդոտներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Օչոան գրում է, որ նախքան ամառային լարվածության առաջացումն արցախյան հակամարտությունը միջազգային մամուլի հետին էջերում էր: Որպես կանոն, երկու կողմերն էլ հրադադարի ռեժիմի խախտման համար սկսեցին մեղադրել մեկմեկու, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի հասցեին սկսեցին հնչել քննադատական հայտարարություններ:

Օչոան նշում է, որ 1994 թվականից ի վեր ԵԱՀԿ ՄԽ-ն հակամարտող կողմերին է ներկայացրել խնդրի կարգավորման հինգ տարբեր առաջարկներ, որոնք պետք է նպաստեին ԼՂ հակամարտության կարգավորմանը: Դրանցից չորսը մերժվել էին, սակայն մեկը շարունակում է մնալ բանակցային սեղանին: Այդ առաջարկը հիմնված է վստահության մթնոլորտ ստեղծելու սկզբունքների վրա' մի բան, որն անհնար է դառնում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում պարբերաբար հնչող կրակոցների պարագայում:

«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության ղեկավարը հիշեցրել է, որ համանախագահները 2012 թվականի հունիսին երկու շատ տրամաբանական առաջարկ արեցին կողմերին, որը կնպաստեր մարդկային կորուստների թվի նվազեցմանը: Առաջինը' հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննությունն էր, որը թույլ կտար պարզել իրական մեղավորներին: Երկրորդը շփման գծից դիպուկահարներին հեռացնելու գաղափարն էր: «Ի զարմանս շատերի' Ադրբեջանի ԱԳՆ-ն մերժեց այս առաջարկները, քանի որ կարծիք հայտնեց, թե այդպիսով ավելի կամրապնդվի ստատուս-քվոն: Ակնհայտ է, որ երկու միջոցներն էլ ձեռնարկելու պարագայում վերջին շրջանում 30 ընտանիքիների, ինչպես նաև ավելի շատերին ավելի վաղ, կզրկեին որդի կորցնելու վշտից, սակայն, դժբախտաբար, Ադրբեջանի ղեկավարության համար իր զինվորների կյանքն արժեք չունի»,- նշում է Օչոան: Նա ընդգծում է, որ ադրբեջանական կողմի մարտավարությունն ավելի ակնհայտ է դառնում, երբ վերլուծում ես նրանց ռազմական գործողությունները ոչ միայն օգոստոսին, այլև հուլիսի ընթացքում. փաստերը վկայում են, որ ավելի ու ավելի շատ ադրբեջանցի հրամանատարների է կարգադրվում ներխուժել ԼՂ ու անգամ Հայաստանի տարածք: «Նման պայմաններում ակնհայտ է դառնում, որ միջնորդության ցանկացած ջանք ԵԱՀԿ Մինսկի խմբի կամ որևէ այլ կազմակերպության կողմից դառնում է ծայրահեղ դժվար և չափազանց բարդ է լինում հասնել առաջընթացի»,- գրում է Օչոան:

Անդրադառնալով ԵՄ գործողություններին' նա հայտնում է, որ եվրոպական կառույցը ևս որոշակի նախաձեռնություններ է իրականացրել, որոնք կաջակցեին ԼՂ հակամարտությունում խաղաղ կարգավորման հասնելու ԵԱՀԿ-ի ջանքերին: Նախ, ԵՄ-ն ծրագիր իրականացրեց, որը նպաստելու էր ժողովրդավարության ամրապնդմանը Հարավային Կովկասում և «Արևելյան գործընկերության» անդամ երկրների շրջանակներում: Թեպետ ծրագիրը զգալի առաջընթաց ունեցավ Հայաստանում և Վրաստանում, այդուհանդերձ Ադրբեջանի վիճակն ավելի էր վատացել: Վատ ցուցանիշներ էր գրանցել ինչպես ընտրական գործընթացը, հ ետադիմական ալիքի տարածման արդյունքում ճնշումներ սկսեցին գործադրվել քաղաքացիական հասարակության և իրավապաշտպան ակտիվիստների նկատմամբ: Շատ հասարակական կազմակերպությունների անդամներ սկսեցին ձերբակալվել:

«Դժվար է կողմերի միջև վստահության մթնոլորտ ստեղծել, երբ Ադրբեջանի քաղաքացիները պետության կողմից դրված արգելքով չեն կարողանում անգամ էլեկտրոնային նամակներ փոխանակել կամ զանգել հայերին... Այս հակամարտության ամենահիմնարար խնդիրներից մեկն այն է, որ հակամարտող կողմերը չունեն արժեքային նույն համակարգը, ինչը կարող էր նպաստել կարգավո րմանը: Այս առումով Ադրբեջանը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու ժողովրդավարության հարցում և ԵՄ ձեռնարկած միջոցառումները հատկապես ակտուալ են մարդու իրավունքների, ժողովրդավարության կառուցման և իրավունքի գերակայության հարցերում»,- եզրակացրել է Օչոան:

 

 

***

 

Քառյակը կուտակայինի հարցով կդիմի ՍԴ

 

Ազգային ժողովի ոչ իշխանական քառյակը կատարված փոփոխություններից հետո կուտակային կենսաթոշակների մասին օրենքը Սահմանադրությանը հակասող ճանաչելու հարցով կդիմի Սահմանադրական դատարան: Այս մասին քառյակի նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Մենք այս հարցում համաձայնության եկանք և առաջիկայում այս հարցով կդիմենք Սահմանադրական դատարան և կվիճարկենք օրենքը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Ռուստամյանը:

Նա ընդգծեց, որ քառյակի անդամ երկու ուժեր՝ «Ժառանգություն»-ը և ՀԱԿ-ը, նպատակահարմար չեն համարում այդ հարցով ՍԴ դիմելը, սակայն պաշտպանում են իրենց նախաձեռնությունը և կսատարեն դրան: «Նրանք նպատակահարմար չեն համարում Սահմանադրական դատարան դիմելը, սակայն համաձայնեցին միանալ մեր նախաձեռնությանը: Նրանք բոլոր հարցերում կաջակցեն մեզ»,- ասաց Ռուստամյանը:

Հարցին, թե եթե ՀԱԿ-ը և «Ժառանգություն»-ը, նպատակահարմար չհամարելով ՍԴ դիմելը, միանում են իրենց, ինչո՞ւ այդ դեպքում իրենք սահմանադրական բարեփոխումների հարցով համաձայնության չեն գալիս մնացած ուժերի հետ, Արմեն Ռուստամյանն այսպես պատասխանեց. «Նույն հարցը կարող եք մյուս երեք ուժերին տալ: Ինչո՞ւ նրանք չեն ցանկանում այս հարցում պաշտպանել մեր տեսակետը: Այստեղ յուրաքանչյուր քաղաքական ուժ ունի իր տեսակետը, և յուրաքանչյուրը պետք է հարգի մյուսի տեսակետը: Իսկ ես մեկ անգամ ևս հայտարարում եմ, որ մենք սահմանադրական բարեփոխումներին ինքնանպատակ չենք կողմ: Մենք կողմ ենք սահմանադրական բարեփոխումներին, որոնք կհանգեցնեն կառավարման համակարգի փոփոխության, անցմանը դեպի խորհրդարանական կառավարման համակարգին»,- ասաց Ռուստամյանը՝ ընդգծելով, որ մնացած հարցերում իրենք քառյակի հետ համաձայնության եկել են և չափազանցված են խոսակցություններն այն մասին, որ քառյակը կարող է եռյակ դառնալ:

 

***

 

Մասիսում երիտասարդների վեճն ավարտվել է ծեծկռտուքով

 

Հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում սեպտեմբերի 9-ին' ժամը 00.50-ին, հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 1997թ. ծնված Տիգրան Մ.-ն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ սեպտեմբերի 8-ին' ժամը 23.00-ի սահմաններում, Մասիս քաղաքի 2-րդ թաղամասում գտնվող սուպերմարկետի մոտ, վիճաբանության ժամանակ, 1991թ. ծնված Գարիկ Բ.-ն գարեջրի շշի ապակյա կոտրած բեկորով հարվածել է Տիգրան Մ.-ի պարանոցին:

Տուժողին տրվել է դատաբժշկի ուղեգիր:

Նախապատրաստվում են նյութեր:

 

***

 

Պորոշենկոն հրաման է արձակել՝ Մարիուպոլում պահպանել բարձր մարտունակությունն ու զգոնությունը

 

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հրաման է արձակել Դոնեցկի շրջանի Մարիուպոլում պահպանել բարձր մարտունակության ու զգոնության ռեժիմը, հաղորդել է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Այդ մասին Պորոշենկոն հայտնել է Մարիուպոլի Իլյիչի անվան մետալուրգիական կոմբինատ կատարած այցի ժամանակ, հայտնել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:

Մարիուպոլ ժամանելուց անմիջապես հետո Պորոշենկոն Twitter-ի իր միկրոբլոգում գրել է. «Ուկրաինական մեր այս հողը մենք ոչ ոքի չենք տալու»:

Նախագահը նշել է նաև, որ Ուկրաինայի ղեկավարությունը պատրաստ է պաշտպանել երկիրը զենքի ուժով, բայց կանի հնարավոր ամեն բան՝ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար:

«Չնայած այն հանգամանքին, որ այս ծրագիրը շատերին դուր չի գալիս՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրանից դուրս, ներկայումս նախագահի «խաղաղ ծրագրի իրականացման» համար գործադրվում են բոլոր ջանքերը»,- ասել է Պորոշենկոն:

 

***

 

ԼՂՀ-ն պատրաստ է ադրբեջանական կողմին փոխանցել սահմանը հատած գերուն

 

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները, ցուցաբերելով բարի կամք և կողմնակցություն ժնևյան կոնվենցիաների դրույթներին, պատրաստ են ադրբեջանական կողմին փոխանցել 2014թ. սեպտեմբերի 5-ին ԼՂՀ սահմանը Մարտակերտի շրջանում ինքնուրույն հատած և ԼՂՀ համապատասխան ծառայությունների կողմից ձերբակալված Ջավիդ Սամիրօղլու Մուզաֆարզադեին՝ 1999թ. ծնված, Ադրբեջանի Հանրապետության Միր-Բաշիր քաղաքի անչափահաս բնակչին:

ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների պետական հանձնաժողովը կատարվածի մասին ժամանակին տեղեկացրել է Արցախի Հանրապետությունում հավատարմագրված ԿԽՄԿ և ԵԱՀԿ գրասենյակներին»:

ԼՂՀ ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների պետական հանձնաժողով

 

***

 

Քառյակը կամփոփի կառավարությանը ներկայացրած պահանջների կատարման արդյունքները

 

Ազգային ժողովի ոչ իշխանական քառյակի ավարտված նիստում ամփոփվել է կառավարության ներկայացված 12 կետանոց պահանջների կատարումը: Այս մասին քառյակի նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

«Վերջնական ժամկետը, որը մենք հայտարարել էինք որպես այդ կետերի կատարման վերջնաժամկետ' սեպտեմբերի 30-ը, դեռ չի սպառվել, ուստի, վերջնական ամփոփումը կլինի ավելի ուշ: Յուրաքանչյուր քաղաքական ուժ առանձին կամփոփի այդ արդյունքները, որից հետո կորոշվի համատեղ դիրքորոշումը' ընդհանուր գնահատման առումով»,- նշեց Արմեն Ռուստամյանը:

Տասներկու կետերի ամփոփման նախնական քննարկման արդյունքներով, պատգամավորի խոսքով, գնահատականները բաժանվում են երեք խմբի' ընդհանրապես չկատարված կետեր, մասնակի կատարված կետեր և անորոշ մնացած կետեր, որոնց վերաբերյալ դեռևս դժվար է գնահատական տալ:

Ըստ Ռուստամյանի' կազմակերպված նախնական քննարկումն էլ մեծապես կօգնի, որպեսզի քաղաքական ուժերը կարողանան ամփոփել վերջնական արդյունքները:

 

***

 

Ալիևն ընդունել է ԵՄ հանձնակատարին

 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Ընդլայնման և եվրոպական հարևանության հարցերով ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Haqqin.az-ը:

Հանդիպման ժամանակ Ալիևն ու Ֆյուլեն մտքեր են փոխանակել «Արևելյան գործընկերության» շրջանակներում համագործակցության, ղարաբաղյան հակամարտության, տնտեսական, էներգետիկ և քաղաքական ոլորտներում Ադրբեջանի և ԵՄ հարաբերությունների ու այլ հարցերի վերաբերյալ: