Ադրբեջանը քրեական գործ է հարուցել չորս թուրք մտավորականների դեմ, ովքեր սեպտեմբերի 22-ին այցելել էին Արցախի Հանրապետություն: Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն:

Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից հայտնել են, որ ակադեմիկոս, գրող Ալի Բայրամօղլուն, ակտիվիստ, հրապարակախոս Սաիթ Չեթինօղլուն, Թուրքիայի 23-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր Ուֆուկ Ուրասը և գրող, հեռուստահաղորդավար Էրոլ Քաթըրջըօղլուն «անօրինական հատել են Ադրբեջանի սահմանը»:

Նրանց դեմ հարուցվել է քրեական գործ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 318.2 հոդվածով (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում):

Թուրք մտավորականներին կալանավորելու մասին որոշում է ընդունվել: Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ թուրք մտավորականների նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել: Թուրքիայի իրավապահ մարմիններին ուղարկվել է հատուկ գրություն՝ նրանց ձերբակալելու և պատասխանատվության ենթարկելու պահանջով: