«Mediamall.am» լրատվականը ներկայացնում է անցնող օրն՝ ամփոփ.
Հանրապետության որոշ ճանապարհներ պատված են մերկասառույցով
ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: Մերկասառույցի հետևանքով դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Ապարան-Սպիտակ, տեղ-տեղ Սիսիան-Գորիս ավտոճանապարհները, Վայք-Սիսիան ավտոճանապարհի Սարավանի, Երևան-Սևան ավտոճանապարհի Հրազդանի հատվածները և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքը:
Նոյեմբերի 3-ի ժամը 08.30-ի դրությամբ տեղումներ կան Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում և Սյունիքի մարզում' թաց ձյան տեսքով: ՃԱՆՇԻՆ աշխատակիցների կողմից իրականացվում է ավտաճանապարհների մաքրման և մշական աշխատանքներ:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն' ժամը 07.00-ից մինչև 19.00 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
***
Զապի փաստաթղթերն ուղարկվել են Արդարադատության նախարարություն
Երևանում հոկտեմբերի 28-ին հայտնաբերված և ձերբակալված Անդրանիկ Սողոյանը, որի նկատմամբ հայտարարված էր միջազգային հետախուզում և, որը Պրահայի մունիցիպալ դատարանի կողմից Չեխիայի Հանրապետության քրեական օրենսգրքի 219 հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 235 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով դատապարտվել է 22 տարվա ազատազրկման, ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությամբ՝ Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կալանավորվել է 30-օրյա ժամկետով և տեղափոխվել Նուբարաշեն ՔԿՀ:
ՀՀ գլխավոր դատախազությունը հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 475-րդ և 479-րդ հոդվածները՝ Ա. Սողոյանի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնում առկա փաստաթղթերի փաթեթն ուղարկել է ՀՀ Արդարադատության նախարարություն՝ համապատասխան ընթացքը լուծելու համար:
***
Ինքնասպանության փորձ' Մասիսում
Նոյեմբերի 2-ին' ժամը 23:31-ին, Մասիսի ոստիկանության բաժնի հերթապահ կապիտան Լևոնյանից Մասիսի hրշեջ փրկարարական ջոկատ ահազանգ է ստացվել այն մասին, որ քաղաքացին սպառնում է Մասիս քաղաքի Նոր թաղամասի 33 շենքի տանիքից նետվել ցած:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Արարատի մարզային փրկարարական վարչությունից, 23: 33-ին դեպքի վայրում է եղել մեկ մարտական հաշվարկ: Զրույցներ տանելուց և քաղաքացուն համոզելուց հետո փրկարարները և ոստիկանության աշխատակիցները 23:54 րոպեին տանիքից ցած են իջեցրել Նոր թաղամասի 33 շենքի 26 բնակարանի բնակիչ, 1978 թվականին ծնված Զոհրաբ Օնիկի Վարդանյանին:
Ըստ փրկարարական վարչության տվյալների, Վարդանյանը գտնվում է ոստիկանությունում, ճշտվում են դեպքի մանրամասները:
***
Ինչպե՞ս են դիվերսանտների մոտ հայտնվել Հակոբ Ինջիղուլյանի հարցաքննության տեսանյութերը
Ստեփանակերտում' ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, նոյեմբերի 3-ին վերսկսվել է ընթացիկ տարվա հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասկերովի գործով դատական նիստը: Ինչպես տեղեկացնում է «Արցախպրես»-ը, դատավոր Ա նատոլի Թադևոսյանը շարունակել է նախաքննության ընթացքում ամբաստանյալներ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի տված ցուցմունքների հրապարակումը:
Համաձայն նախաքննության ժամանակ ամբաստանյալ Գուլիևի տված ցուցմունքի, Հասան Հասանովը ցանկացել է Սմբատ Ցականյանին կյանքից զրկելու նպատակով ոլորել նրա վիզը։ Գուլիևը, վերահաստատելով այդ ցուցմունքը, պնդել է, որ Հասանովը բռնություն է գործադրել երեխայի նկատմամբ, սակայն ըստ նրա, իբր այդպես էլ չի հասկացել, թե երեխայի նկատմամբ Հասանովի այդ վարմունքը շոյելու՞, թե՞ բռնության նշան էր եղել։
Ասկերովը, մեկ անգամ ևս հաստատելով, որ նկարահանումները Հասանի տեսախցիկով ինքն է արել, նշել է, որ Հասանի ձեռքին քարտեզ կար, որով նա կողմնորոշում էր իրեն, թե որտեղ և ինչ նկարահանումներ պետք է իրականացնի։ Վերոհիշյալ տեսախցիկում եղել են նաև Ադրբեջանում գերի ընկած ՀՀ պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի հարցաքննության վերաբերյալ տեսանյութեր, որոնց մասին Ասկերովը, իր խոսքով, իբր տեղյակ չի եղել։Շարունակությունն՝ այստեղ:
***
ԵԿՄ-ն հրատարակել է պատանի երկրապահների ռազմահայրենասիրական դաստիարակության և կրթության ձեռնարկ
Armnewstv.am-ը գրում է. Ով' ոնց, այս քառյակն անխախտ է' 2+2 ձևաչափով' գեներալներ Գրիգորյան-Սարոյան, նախարարներ Օհանյան-Աշոտյան: Մինչև կմոտենա Պաշտպանության նախարարը, Մանվել Գրիգորյանը զգուշացրեց' այսօր հարցերին պատասխանողն ինքը չէ' այսքան պատանի երկրապահ կա: Ուղղություն դեպի օրվա հերոսներ' պատանի երկրապահները կազմ-պատրաստ, մուզզվոդը զգաստ' զորավարին են ողջունում: Սա այն դեպքն է, որ նույնիսկ դիրիժորը ոչ թե իր նվագամբին է հետևում, այլ գեներալին:
Եթե խոսքը հայրենասիրական ուսումնական ձեռնարկի մասին է, Մանվել Գրիգորյանը կխախտի իր խոսքն ու հենց ինքն էլ կպատասխանի հարցերին: Վերջապես պատրաստ է բրոշյուրը, որը 6 ամիս գեներալների զույգի սեղանի գլխավոր գիրքն է: Կփոխանցեն դպրոցականներին: Այդ ընթացում պատանի երկրապահը ԵԿՄ նախագահի ամենասիրած ֆրազն էր արտաբերում' «Վերևն Աստված, ներքևում' հայրենիք ու ծնողներ»: Մանվել Գրիգորյանը հպարտությունից քրտնեց:
Որտեղ Մանվել Գրիգորյան, այնտեղ գերիների թեմա: Գեներալը իր Սիմոնին հիշեց' ադրբեջանցի գերուն, որին նույնիսկ իր տանն է պահել: Անուն-ազգանունը հենց ինքն էլ որոշել է: Սիմոն Սիմոնյան: Սիմոնին 4 տարի պահելուց հետո Մանվել Գրիգորյանն առոք-փառոք վերադարձրել է Ադրբեջանում սպասող նշանածին:
Մանվել Գրիգորյանը եռյակի հանրահավաքներին չի հետևում' մեկ-մեկ նայում է ու ԲՀԿ առաջնորդի խոսքերից զարմանում.
«Բաղդադ էլ խուրմա կա», -ասաց ու գնաց պատանի երկրապահների մոտ խրատով' գիտելիքները սատանային չծառայեցնել: Դրա համար արդեն ուսումնական ձեռնարկ ունեն, ինչի համար շնորհավորում է բոլորին, նաև' լրագրողներին:
***
Արտակարգ իրավիճակ Երևանում. Աբովյան փողոցում կրակի է մատնվել Mercedes ML-ը. կա վիրավոր
Քիչ առաջ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում Աբովյան փողոցում հրդեհ է բռնկվել Mercedes ML մակնիշի ավտոմեքենայում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարեցին կրակը, սակայն ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի: Երթևեկությունը նշված տարածքում կաթվածահար է եղել, և, ըստ նախնական տեղեկությունների, վարորդը աղջիկ է, իսկ դեպքի վայրում հավաքվածներն ասում են, որ 1 հոգի տուժել է:
Մանրամասն՝ այստեղ:
***
«Ցանկացած պահի Եռյակի առաջնորդները կարող են հանդիպել»
«Եռյակի առաջնորդների հանդիպման հետ կապված' այս պահի դրությամբ ես դեռևս հստակ տեղեկատվություն չունեմ, բայց այդ ձևաչափով հանդիպումների անցկացման հետ կապված որևէ խնդիր չկա», - այս մասին Լուրեր.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակմանը, թե այս շաբաթ նախատեսված է ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը:
Իվետա Տոնոյանի խոսքով՝ ցանկացած պահի Եռյակի առաջնորդները կարող են հանդիպել:
***
Սյունեցին Խաչատրյանից չի վախենում' վստահում է
Երբ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մոտ թերություններ եմ տեսել, դրա մասին գրել եմ, գուցե նույնիսկ խիստ, սակայն երբեք չեմ արդարացրել այն գործելաոճը, որ կոնկրետ մարդու պետք է թիրախ դարձնել ու նրա վրա բարդել անգամ Քենեդու սպանությունը:
Քարոզչական դաշտում տիրող չարությունը հասել է այնտեղ, որ մի քանի օր քննարկվում էր՝ արդյո՞ք Սուրիկ Խաչատրյանի որդին Գորիսում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային մի պատահարի մասնակից է եղե՞լ, թե՞ ոչ: Անգամ այն բանից հետո, երբ իրավապահ մարմինները հերքում էին, որ Տիգրանը եղել է մեքենայի մեջ, շահարկումները չէին դադարում:
Գիտե՞ք՝ ինձ զարմացնում է, որ նույնիսկ այս փաստն էին ուզում օգտագործել Խաչատրյանի մարզպետ վերանշանակվելու կապակցությամբ ծավալված հակաքարոզչության մեջ: Եթե նույնիսկ ընդունենք, որ մարզպետի տղան եղել է մեքենայի մեջ, չէ՞ որ տեղի ունեցածը ոչ թե հանցագործություն էր, այլ սովորական մի պատահար, փորձանք, որը կարող է լինել յուրաքանչյուրիս հետ: Ներողություն եմ խնդրում, սակայն այնպիսի տպավորություն է, որ ոմանք նույնիսկ տխրել են, որ սովորական պատահարը մարդկային կորուստներով ու դժբախտությամբ չի ավարտվել:Շարունակությունն՝ այստեղ:
***
«Ադրբեջանական քարոզչության որակը թուլացել է». փորձագետ
Ադրբեջանում քարոզչական դաշտի «ղեկավարության» փոփոխությունից հետո զգալիորեն թուլացել է քարոզչության որակը: Արդյունքում հակահայկական նյութերը ձեռք են բերել հին ու ֆորմալ ձևեր, և ակնհայտ է դարձել այն, որ տվյալ նյութերի պատվերը յուրահատուկ է և իջեցվել է «վերևից»: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Նա հիշեցրեց, որ Ադրբեջանում հակահայ քարոզչությունը ղեկավարող Էլնուր Ասլանովը վերջերս որակվեց որպես գյուլենիստ և հեռացվեց իր պաշտոնից: «Նրա հետ ասպարեզից դուրս եկան այն կադրերը, որոնց նա աճեցրել էր:
Արդյունքում քարոզչական գործառույթները հանձնարարվեցին այլ մարդկանց, որն էլ ունեցավ իր հետևանքները: Պետք է նկատել, որ դրանից հետո քարոզչական դաշտը Արբեջանում թուլացավ և և վերադարձավ ֆորմալ ձևերին: Հիմա ադրբեջանցիները փորձում են սոցիալական ցանցերի միջոցով հասնել ինչ- որ բանի, օր ինակ հեշթեգեր են ներմուծում թվիթեր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց նա:
Մարտիրոսյանն ընդգծեց, որ չնայած քարոզչության որակի փոփոխությանը, վերջին ամսվա ընթացքում բավականին ակտիվացում է նկատվել ադրբեջանական հաքերային համայնքում: «Ադրբեջանցի հաքերները, ովքեր խմբավորված են «Անտի Արմենիա» անվան ներքո, վերջերս նշում էին իրենց խմբավորման տարեդարձը: Այդ կապակցությամբ մեծ հարձակում իրականացվեց հայկական կայքերի վրա:Շարունակությունն՝ այստեղ:
***
Մանվել Գրիգորյանն Արցախ մեկնեց, որպեսզի հայրենիքը պաշտպանի ոչ թե միֆ ստեղծի. արձագանքում են երկրապահները
Ինտերնետային լրատվամիջոցներից մեկում հրապարակում կար այն մասին, թե իբր ԵԿՄ-ն ժամանակին հիմնադրվել է կեղծ միֆեր ստեղծելու նպատակով: Հրապարակման մեջ փորձ էր արվում արհեստականորեն հակասություններ առաջացնել պատերազմի հերոսների միջեւ: Թեմային արձագանքել են ԵԿՄ հարյուրավոր պատասխանատուներ եւ անդամներ, ովքեր միասնաբար հրապարակումը համարում են հայ ազգի թշնամիների պատվեր: Ստորեւ ներկայացնում ենք վրդովված երկրապահներից մի քանիսի դիրքորոշումը:
Խաչիկ Մկրտչյան՝ ԵԿՄ վարչության փոխնախագահ
Սա մի հրեշավոր ծրագիր է, որ ըստ երեւույթին ֆինանսավորվում է հայ ազգի թշնամիների կողմից: Երկրապահը շահագրգռված է պարզել, թե ովքեր են պատվիրատուները, ովքեր են այն ներքին թուրքերը, որ պախարակել, վարկաբեկել են ձգտում Արցախյան ազատամարտի քաջարի հերոսներին, Երկրապահին: Իհարկե, ոչ ոք չի կարող վարկաբեկել ԵԿՄ-ն, ոչ ոք չի կարող նսեմացնել Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի վաստակը, հայ ազգին մատուցած ծառայությունները:
Դեռ պատերազմի դաշտում թուրքը գիտեր, թե ով է Մանվել Գրիգորյանը, թուրքը մեզանից առաջ Մանվել Գրիգորյանին գեներալ կոչումն էր շնորհել եւ սարսափահար փախչում էր բոլոր այն ճակատներից, որտեղ իր դեմ հանդիման գեներալ Մանվելին էր հանդիպում: Զորավարի տաղանդ եւ մտածողություն ուներ Մանվել Գրիգորյանը, եւ ժողովուրդը նրան մեծարեց Զորավար կոչումով: Կամ ով կարող է մոռանալ, որ այսօր էլ Մանվել Գրիգորյանն է, որ տեր է կանգնում զոհված, անհայտ կորած, հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքներին, զբաղվում նրանց խնդիրներով, Մանվել Գրիգորյանն է, որ հեղինակեց եւ ԱԺ-ում անցկացրեց «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» օրենքը:
Մանվել Գրիգորյանն է, որ կայացրեց եռասերունդ երկրապահական ընտանիքը, որ պատանի սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը հասցրեց պետական մակարդակի: Շնորհավորում եմ բոլորիս «Պատանի երկրապահ» հայրենասիրական ակումբների դաստիարակության ծրագիր-ուղեցույցի հրատարակման կապակցությամբ:Շարունակությունն՝ այստեղ: